Զինված Ուժեր

Եթե մենք կռվեինք Ադրբեջանի դեմ, նոր տարածքային կորուստներ կպատճառեինք թշնամուն․․․ Մենք կռվել ենք Թուրքիայի դեմ․ Գնդապետ Պողոսյան

Օգոստոսի 12-ին Գայանե Պողոսյանը Facebook-ի իր էջում մեջբերել է 44-օրյա պատերազմին մասնակցած զորամասի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանի խոսքերը, որտեղ հայ զինվորականը պատմում է պատերազմի մասին ու ներկայացնում որոշակի վերլուծություն։

«Եթե մենք կռվեինք Ադրբեջանի դեմ, ոչ միայն կպաշտպանեինք մեր հողերը, այլև նոր տարածքային կորուստներ կպատճառեինք Ադրբեջանին: Մենք պարտվել ենք օդային պատերազմում, որը ղեկավարում էր Թուրքիայի զինուժը: Մենք՝ փոքր Հայաստանը, կռվել է իր ռազմական հզորությամբ ՆԱՏՕ-ի երկրորդ երկրի դեմ: Էլ չեմ խոսում տարբեր պատերազմներում հմտացած սիրիացի, պակիստանցի վարձկանների մասին: Եթե այսօր էլ Ադրբեջանը մենակ մնա մեր դեմ, մենք կջախջախենք նրան: Ու Ալիևը դա շատ լավ գիտի: Եթե կուզեք՝ Թուրքիան այս կռվից բարոյապես պարտված է դուրս եկել։

Ի սկզբանե թշնամու նպատակը եղել է Արցախը կայծակնային պատերազմում ամբողջապես օկուպացնելը:

Ո՛չ կայծակնային պատերազմ եղավ, ո՛չ էլ Արցախը ամբողջովին օկուպացվեց: Մենք 44 օր դիմադրեցինք ՆԱՏՕ-ի երկրորդ բանակին, մենք պաշտպանեցինք Արցախի մի մասը: Էլ չեմ ասում, թե ինչ ահռելի կորուստներ պատճառեցինք թշնամուն: Տասնապատիկ ավելի:

Մենք մարտական խնդիր ենք կատարել ռազմաճակատի ամենադժվարին հատվածներից մեկում: Որոտանի հատվածում սեպի պես խրված ենք եղել հակառակորդ ուժերի մեջ: Այո՛, մենք ունեցել ենք և՛ մարդկային կորուստներ, և՛ զինտեխնիկա ենք կորցրել, բայց մեր կորուստները անհամատեղելի են այն կորուստների հետ, որ պատճառել ենք թշնամուն: Թշնամին բազմապատիկ տուժել է: Իմ տղաները կենդանի հերոսներ են, նրանք առյուծի պես են պաշտպանել հայրենիքը՝ ինքնազոհ, խիզախ, հզոր: Իմ՝ երեք ամիս առաջ զորակոչված զինվորը, երբ զինամթերքը վերջացել է, սվին-դանակով է կռվել թշնամու դեմ, սպանել է նրան ու փակել ճանապարհը: Կովսականում իմ տղաները գրոհի թույլտվություն էին խնդրում՝ քաջ իմանալով իրենց ու թշնամու ուժերի հարաբերակցությունը: Իմ զորքի ոգին բարձր էր պատերազմի ժամանակ, և իմ զորքը հոգեպես ընկճվելու պատճառ չունի նաև պատերազմից հետո», – նշում է գնդապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ