fbpx
Արցախ

Մենք պարտավո՛ր ենք շարունակել Արցախյան շարժման արժեքաբանական պայքարը․ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․

«1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի տարեգրության մեջ է մտել որպես ազգային ոգու վերազարթոնքի, կուռ միասնականության ու անկոտրում կամքի խորհրդանիշ, որպես պայքարի ու մաքառման, վերակերտման ու արարման, կորստի ու հաղթանակների մի ամբողջ ժամանակաշրջանի սկիզբ:

Այդ օրից անցել է 33 տարի: Այսօր արցախահայությունն ապրում է իր պատմության ամենաբարդ ու ծանրագույն շրջափուլերից մեկը, ապրում է՝ ճակատագրի հարվածներից կծկված ու մի բուռ դարձած, ցավից ատամներն ու բռունցքը սեղմած, ճիչը կոկորդում և արցունքն աչքերում անթեղած:

Ապրում է` իր մեջ վառ պահելով 88-ի ոգին ու գաղափարները, է՛լ ավելի վստահ ու հաստատակամ, որ իր ընտրած ուղին ճիշտ է ու անշրջելի, որ, առավել քան երբևէ, այսօր ինքը պետք է ապրի ու շենացնի հայրենի հողը, որը կրկնակի է սրբացել իր նորօրյա հերոսների արյամբ:

Եվ հանուն մեր նահատակների, մեր երազանքների ու սերունդների՝ Արցախը կրկին կվերածնվի, կհառնի փլատակներից ու կշարունակի իր հավերժական ընթացքը: Մենք պարտավո՛ր ենք շարունակել Արցախյան շարժման արժեքաբանական պայքարը և լինել ավելի ուժեղ, ավելի զարգացած, կուռ ու միաբան՝ վճռականորեն պաշտպանելով մեր իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժեքները, պատիվն ու արժանապատվությունը:

Սա է հայ ժողովրդի հարատևման ճանապարհը: Եվ թո՛ղ այդ ճանապարհին խաղաղությունն ու հաջողությունն ուղեկցեն մեր ժողովրդին ու հայրենիքին»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/704482973582412?__cft__%5B0%5D=AZUueIbvA2u3W2816yLJPo7vNq26pQM9iw2Nre9yeUj9KWnmAWT3qTUB01q-J0pkKcZTbGxdCXYFmRbIuE2UWKQPkMDEbzDRWpfflKnv71O6oXOuj0bXoW69hS0cUy49NzsEMsuDDnuA9OxA5RcmYKWY&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ