fbpx
Քաղաքականություն

«Մենք ուզում ենք կոռուպցիայի ռիսկերի նվազեցման նոր գաղափարներ»,- Սուրեն Քրմոյան

Կոռուպցիայից ազատ բիզնեսը տնտեսապես ավելի շահավետ է: Երևանում անցկացվող «Մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում» թեմայով համաժողովի ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, որ մասնավոր հատվածում կոռուպցիայի հաղթահարումը պետք է ոչ ավանդական, նորարարական, գործիքների կիրառմամբ: Այս մասին տեղեկացնում է B24.am-ը:

«Ավանդական գործիքներն են կրթությունը, կանխարգելումը, իրավապահ մարմինների համակարգը և այլն, բայց մենք ուզում ենք կոռուպցիայի ռիսկերի նվազեցման նոր գաղափարներ, նոր մոտեցումներ: Իրականում դա բարդ գործընթաց չէ, հասկացանք, որ հնարավոր է շատ պարզ գաղափարների միջոցով, շատ քիչ ֆինանսական ռեսուրսներով կրճատել կոռուպցիայի ռիսկերը: Դրանցից մեկը, թվային գործիքներն են»:

Նախարարի տեղակալը կարևորեց այն հանգամանքը, որ մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար առաջարկներ լինեն նաև բիզնեսից: Այդ նպատակով հարցաթերթիկների միջոցով մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման վերաբերյալ հարցումներ են իրականացվել: Պատասխաններն ամփոփվել են, և լուծումներ են վեր հանվել:

«Օրինակ՝ քաղաքացին, ապրանքը մաքսազերծելով, գիտի որտեղ է խոչընդոտը և ինչ լուծում է տեսնում: Շատ հաճախ բիզնեսը լուծումն ունի, պարզապես երբեմն բիզնեսի ձայնը լսելի չէ: Հետևաբար, կարևորում ենք բիզնեսից եկող առաջարկները»,-ասաց Սուրեն Քրմոյանը: Նա կարևոր համարեց նաև թվայնացումը, էլեկտրոնային գործիքների կիրառումը:

Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ կոռուպցիայի ռիսկերի նվազեցման նորարարական լուծումներ են մշակվել, դրանք քննարկվելու են, ընտրվելու են լավագույն առաջարկները:

«Կոռուպցիան բիզնեսի, տնտեսության զարգացման ամենամեծ խոչընդոտն է: Այն առաջացնում է սոցիալական անհավասարություն և նվազեցնում է պետության ներդրումային գրավչությունը»,-ասաց Սուրեն Քրմոյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ