fbpx
Աշխարհ

Մենք խոչընդոտում ենք նրանց, ովքեր ուզում են մասնատել Սիրիան․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում անցկացվող ռազմական գործողությունները, հայտարարել է, որ Թուրքիան աչք չունի Սիրիայի հողերի վրա և հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին: Այս մասին հաղորդում է Sabah պարբերականը:

«Մենք աչք չունենք Սիրիայի հողերի վրա: Մենք խոչընդոտում ենք բոլոր նրանց, ովքեր ուզում են բաժանել և մասնատել Սիրիան»,-ասել է Թուրքիայի նախագահը:

Նա նաև հերքել է այն լուրերը, ըստ որոնց՝ գործողությունների տարածքում գտնվող բանտերից փախել են «Իսլամական պետության» ահաբեկիչներ:

«Այդ լուրը սադրանք է՝ ուղղված ԱՄՆ-ին և Եվրոպային»,- ասել է թուրք առաջնորդը:

Նա նաև նշել է, որ ռազմական գործողությունների հետևանքով ոչ մի խնդիր չի առաջացել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում:

«Սոչիում, Թեհրանում և Անկարայում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվում են հաջողությամբ: Խնդիրների առաջացման դեպքում ես կարող եմ 24 ժամում կապվել ՌԴ նախագահի հետ»,-նշել է Էրդողանը:

Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։

Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ