fbpx
Քաղաքականություն

«Մեր հեղինակությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով», – Լևոն Շիրինյան

Aravot.am-ը գրում է.

Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն անձի կուսակցություն չէ, ինչպես շատերն են կարծում. այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց կուսակցության նախագահ եւ նախընտրական ցուցակը գլխավորող քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Քրիստոնեաժողովրդավարներն ասուլիսի էին եկել ճերմակ աղավնիով: Քարոզարշավի ընթացքում էլ պատրաստվում են ճերմակ աղավնիներ օդ բաց թողնել:

Լևոն Շիրինյանն ասաց, որ կոալիցիաների մեջ չեն մտնելու, ապագա խորհրդարանում էլ, եթե ներկայացված լինեն, ապա իրական այլընտրանք են լինելու, ոչ թե «ինչպես մյուսները»: Իրենք ընտրապայքարի դուրս են գալիս պրոֆեսիոնալների թիմով, որոնց հենց ընտրարշավի ժամանակ էլ կներկայացնեն և խոստանում են ընտրապայքարը գաղափարական դաշտ տեղափոխել:

Լևոն Շիրինյանն ասում է, եթե խորհրդարանում չլինեն էլ, ապա այնպիսի օրակարգ կձևավորեն, որ քաղաքական ուժերը ստիպված կլինեն գաղափարական դաշտում պատասխանել իրենց բարձրացրած հարցերին: «Մենք փորձելու ենք տասներկու օրում քաղաքագիտության ամբողջական տեսությունը պրակտիկ կիրառման ձեւով ցույց տալ։Մենք պետք է մոռանանք պետության քրեական անցյալը, գողական պայքարը և գնանք դեպի լյառն Մասիս»,- ասաց Լեւոն Շիրինյանը։

Կուսակցության անդամ, առաջին եռյակում ընդգրկված Հայկ Սուքիասյանն էլ ասում է, որ իրենք գալիս են, որպեսզի քաղաքական դաշտը լցնեն մշակույթով: Իր կարծիքով, առանց մշակույթի քաղաքականությունը բոլշևիզմ է: Իրենք նաև հստակ տնտեսական պատկերացումներով են գալիս: Դա չափավոր լիբերալիզմն է`ազատ շուկայական հարաբերություններ`պետության կարգավորիչ դերով, քանի որ կարծում են, որ լիբերալիզմը մեր տնտեսական զարգացման հարցում այլևս անընդունելի է: «Լիբերալիզմն այսօր Հայաստանի շուկան թողել է ազատ: Իսկ Հայաստանի տնտեսությունը վաշխառուական կապիտալի ձեռքում է: Եթե տնտեսությունը թողնում եք ազատ, այդ վաշխառուական կապիտալը Հայաստանի տնտեսությունում ներդրում չի անելու»,- հստակեցրեց բանախոսը`մանրամասնելով, որ պետության կարգավորիչ դերն այս պարագայում լինելու է ներքին արտադրողին պաշտպանելը եւ պարտավորեցնել, որ վաշխառուական կապիտալը ներդրում կատարի երկրում: Իսկ Հայաստանի քաղաքական կյանքը, ըստ բանախոսի, պետք է կազմակերպվի դեմոկրատական սկզբունքով` իրավական հենքով:

Նկատում է`դեմոկրատիան մեր եկեղեցուն էլ հատուկ է, մեր եկեղեցին ու մշակույթն էլ միշտ համահունչ են քայլել: Իսկ արտաքին քաղաքական կողմնորոշումներ ՔԺՎԿ-ում չունեն: Իրենց արտաքին քաղաքական կողմնորոշումը լինելու է հայաստանակենտրոն. «Մեր հայացքը բացառապես Հայաստանից է»:

Aravot.am-ի հարցին`երեկ «Գելափ ինթերնեյշնլի» հայաստանյան ներկայացուցչությունը իր սոցհարցումները հրապարակեց, որոնց համաձայն ՔԺՎԿ-ն առաջիկա ընտրություններում 0,03 տոկոս ձայն կհավաքի. ինչպե՞ս եք դրան վերաբերվում, Լևոն Շիրինյանը պատասխանեց. «Հումորով»: Հավելեց. «Ինձ հավատացեք, գելափներին՝ ոչ։ Կիրառեք էքստրաբոլացիայի մեթոդը և կտեսնեք մեր դինամիկական աճը: Մեր հեղինակությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, իսկ թվաբանականով՝ կմտնենք ԱԺ, կտեսնեք: Մի կախվեք թվերից, դրանք երբեք ճիշտ չեն եղել, հետազոտողներից ոչ մեկը ճշգրիտ կանխատեսումներ չի արել, ի՞նչու հիմա պետք է անեն»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ