ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցները այսօր` մարտի 12-ին, Կառավարության շենքի մոտ կրկին բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն որոշման, ըստ որի` «Նորք» ինֆեկցիոն և ՁԻԱՀ–ի կենտրոնները պետք է միավորվեն։
Աղբյուրը հիշեցնում է, որ ՁԻԱՀ-ի կենտրոնի 108 աշխատակիցներից 86-ը աշխատանքից ազատման դիմում էին գրել: Այդ աշխատակիցներից 26-ի դիմումներն արդեն մակագրվել են:
Կենտրոնի աշխատակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մեկ տարի շարունակ փորձում ենք ներկայացնել մեր մասնագիտական կարծիքը, որ այս միացումը շատ վտանգավոր է հատկապես երկրի անվտանգության համար: Կարծես բողոքելու մեր բոլոր ձևերը սպառվել են, մեր մասնագետների վրա հոգեբանական ճնշումներ են իրականացվում: Մեզ կարծես վախեցնում են, կիրառվեցին տարբեր մեթոդներ, դրանցից մեկն էլ 26 հոգու դիմումների մակագրումն էր, կարծես փորձում էին մեզ վախեցնել: Բայց այս մարդիկ այն գրուպան է, որը ներկայացնում է կոլեկտիվի կարծիքը»:
Մեկ այլ աշխատակից էլ նշեց, որ իրենք ճարահատյալ են դիմումներ գրել. «Ուզում եմ, որ բոլորը հասկանան, որ սա շանտաժի քայլ չէ: Երբ տեսնում ես, որ հարցի շուրջ որևէ արձագանք չկա, մնում է դիմում տաս, որ չքանդվի այս համակարգը: Այս դիրքորոշումը չենք փոխի: Ցավում ենք, որ առողջապահության նախարարը մեզ հետ չի նստում սեղանի շուրջ: Դրա հետևանքները զգալու ենք մի 5 տարի հետո: 26 հոգու ազատել են իրենց դիրքորոշման համար: Մեր վարչապետը Ամուլսարում հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ են լսել մասնագետների կարծիքները: Տարբեր փորձեր են արվել մեզ վրա հոգեբանական տարբեր ճնշումներ են գործադրվում: Անգամ` երեխադ սոված կմնա վաղը մյուս օրը, կամ համակարգում քեզ գործ չեն տա և այլն: Իսկ այն, որ տնօրենը խոստացել է ետ վերադարձնել աշխատանքի, ասեմ, որ սա դիրքորոշում է: Մեր պայքարը այս որոշումը չեղարկելն է: Չի կարելի մարդկանց վրա այդպիսի փորձարկումներ անել»։
Աշխատակիցները նշեցին, որ դժվարանում են ասել՝ երբ են դադարեցնելու ակցիաները, քանի դեռ անորոշություն է տիրում, և իրենց ոչ ոք չի լսել:
Գրում է News-ը։