Իրանը պատրաստ է պատերազմի։ Այս մասին հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն, փոխանցում է NEWSru.co.il-ը։
«Մեր զինված ուժերը պատրաստ են ջախջախիչ հարված հասցնել Իսրայելին։ Մենք պատրաստ ենք օրվան, երբ թշնամին կոչնչացվի»,- ասել է իրանցի գեներալը՝ մեկնաբանելով Սիրիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։
Նրա խոսքով՝ Իսրայելի նկատմամբ հաղթանակը կազատի Սիրիային իսրայելական բանակի հարձակումներից։
Իսրայելն Իրանի վրա է բարդել պատասխանատվությունը «երկիր-երկիր» դասի հրթիռով իսրայելական տարածքին հարվածելու փորձի համար։ «Երկաթե գմբեթ» համալիրը որսացել էր հրթիռը Հերմոն լեռան շրջանում։ Իսրայելական կողմն իր հերթին հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կոնֆլիկտի սրացման, որպեսզի թույլ չտա Իրանին ամրապնդել դիրքերը Սիրիայում։
Հաղորդում է shantnews.am-ը։