Հայաստանում կար ժամանակներ, երբ ազատ լրատվություն ստանալու համար գործում էր ընդամենը մեկ-երկու տպագիր մամուլ, և «Ազատության» ռադիոկայանին տրամադրվելիք մեկ ժամյա եթերը, որը հեռարձակվում էր երկոյան յոթից ութը։ Եթե տարվա մեջ մեկ-երկու անգամ հաջողվեր հեռուստատեսային եթերներում տեսնել որևէ ընդիմադիր գործչի, դա արդեն մեծ անակնկալ կարելի էր համարել։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գագիկ Քամալյանը։
«Տեղեկատվական այդ տոտալ վերահսկողության հեղինակները այսօր խոսում են պետական արժեքներից, խոսքի ազատությունից, հայրենիքի փրկությունից, և որ ամենասարսափելին է, խոսում են մարդկային բարձր արժեքներից», – նշում է Քամալյանը։
Նա դիմելով երիտասարդներին, ասում է, որ երբեք չպետք է թույլ տալ այն, ինչի միջով անցել է իրենց սերունդը։ Նա ընդգծում է, որ քաղաքական ազատություններ կոչվածը պետք է պաշտպանել ատամներով, «որ ձեզ հետայսու չճնշեն զենքով, փողով, մնացած իշխանական լծակներով»։
«Թույլ չտաք ձեզ մոլորեցնեն պարտված պատերազմով, գործող իշխանության ապիկարությամբ, կեղծ հայրենասիրական լոլոներով, այդ ամենի հետևում այն նույն բանդան է կանգնած, որը մեկ տասնամյակ առաջ իմ նման ակտիվ երիտասարդների վրա զենք էր պահում, և չկասկածեք, որ նույնը կանեն նաև ձեզ հետ։ Մենք չնահանջեցինք, կռիվ տվեցինք, ճիշտ է՝ քիչ էինք, բայց հաստատակամ էինք, արդյունքում՝ առանց վարանելու կարող ենք ասել, որ ծնեցինք 2018 թվականի սերունդին։ Այնպես որ, դուք եք Հայաստանի ներկան ու ապագան, չխռովեք Հայաստանից, այն վիրավոր է, բայց կանգուն է, և համոզված եղեք, որ ձեզանով այն կրկին նոր մակարդակի վրա դուրս կգա», – եզրափակում է խոսքը Քամալյանը։

