Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։
Նիստին մասնակցել են գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ քաղաքացիական հասարակության ՀԸԳՀ պլատֆորմի և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներ։
Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են ՀԸԳՀ թարմացված ճանապարհային քարտեզի կառուցվածքին, բովանդակությանը և դրա առավել արդյունավետ կիրարկմանը վերաբերող հարցեր։ Նիստի մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները՝ ուղղված ճանապարհային քարտեզի բարելավմանը և դրա արդյունավետության բարձրացմանը։
ՀԸԳՀ թարմացված ճանապարհային քարտեզը կարևոր դեր ունի ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում նախատեսված միջոցառումների համակարգման և իրականացվող ծրագրերի արդյունավետության ապահովման գործում։

