Ներկրվող ադրբեջանական բենզինի միջոցով իշխանությունների կողմից մարդկանց «գնելու» գործընթացի մասին Արման Վարդանյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում․
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պետական մակարդակով մարդուն փորձում են «գնել» բենզինով։
Փաշինյանի հավատքով ու նորաստեղծ «կրոնով» մարդուն բենզինով են գայթակղում, որ նա հրաժարվի իր արժեքներից, սկզբունքներից ու ինքնասիրությունից։
Բենզինը հո սուրբ ջուր չէ, որ դրանով մեքենայի բակը ցողես, մկրտվես, հոգևոր վերածնունդ ապրես ու միանգամից սկսես արդարացնել ու հիմնավորել այն ծիսակարգը, որի միջով հենց նոր «անցար»։
Բայց մեր իրականությունում պարզվում է՝ կարելի է։
Մի քիչ էժան բենզին, մի քիչ ինքնախաբեություն, ու մարդն արդեն իրեն բացատրում է, թե ինչու է իր մեքենան լիցքավորել ադրբեջանական բենզինով, ասելով՝ «ոչինչ չի եղել», «բոլորն են անում», «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», «խաղաղություն է արդեն», «հո հավերժ թշնամի չենք, պետք է առևտուր անենք» և այլն..․
Պատմության մեջ այս տեխնոլոգիան առավել մոտ է օկուպացիոն ռեժիմների համագործակցային մեխանիզմներին, ոչ թե սովորական մարքեթինգին։
Նացիստական օկուպացիայի ժամանակ Եվրոպայում եղել է սնունդ, վառելիք, արտոնություններ՝ համագործակցության դիմաց:
Խորհրդային իշխանության հաստատման ժամանակ Բալթյան երկրներում կիրառել են սոցիալական արտոնություններ՝ լոյալության համար։
Բայց անգամ այնտեղ չեն ձևացրել, թե սա «ազատ շուկա» է կամ «քաղաքացու ընտրություն»։
Մարդուն ստիպել բարոյական դիրքորոշում փոխել կոնկրետ թշնամու կամ արժեքային գծի նկատմամբ՝ դա սոցիալական «քաղցի կառավարում» է:

Նկարում պատկերված են աշխարհում տարբեր օկուպացիոն ռեժիմների ժամանակ համագործակցողների և իրենց լոյալ պահողների համար սահմանված սննդի, վառելիքի կտրոնները:

