Միակ մարդը, ով ի վիճակի է մեր ժողովրդին դուրս բերել այս վիճակից, Ռոբերտ Քոչարյանն է․ Գևորգ Պետրոսյան

Ամենադիտվածներ

Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Ռազմական դրության մասին» նախագծին դեմ էր քվեարկել, այն դեպքում, երբ ընդդիմադիրներն իրենք էին պահանջում իշխանություններից հանել ռազմական դրությունը:

Լրագրողների հետ ճեպազրույցում Գևորգ Պետրոսյանը այսպես բացատրեց իր քայլը. երբ ռազմական դրություն հայտարարվեց, այդ ժամանակ հիմքեր չկային, իսկ հիմա, երբ Հայաստանի գլխին պատերազմի վտանգ է կախված, վերացնում են, դրա համար է «դեմ» քվեարկել: Ըստ նրա, Արցախում էր պատերազմը, իսկ ՀՀ իշխանությունները Հայաստանում ռազմական դրություն հայտարարեցին, այ հիմա է պետք է ամեն ինչ անել՝ ՀՀ սահմանները անառիկ դարձնելու համար: Ըստ պատգամավորի, հիմա ռազմական դրությունը հանվում է՝ վերընտրվելու համար, մինչդեռ «ով ձախողվել է, պետք է հրաժարական տա ու հեռանա». «Այս իշխանությունը ընտրությունն իր համար սարքել է թաշկինակ: Երբ պետք է՝ կասի՝ կորոնավիրուս է, չենք անում ընտրություն»:

Պետրոսյանը հիշեցրեց սահմանադրական հանրաքվեի դեպքը, երբ քարոզարշավ էր նույնիսկ ընթանում, հետո հետ կանգնեց ու «թաքնվեց կորոնավիրուսի հետևում»: Թե ինչպես է ինքը գնալու ընտրության, ում հետ Գևորգ Պետրոսյանն ասաց, որ որոշում չունի, բայց գտնում , որ պետք է նայել առաջ. «Այսօր միակ մարդը, ով իր անձնական որակներով, իր անձնական հատկանիշներով, անցած ուղով, իր կապերով, իր էությամբ ի վիճակի է մեր երկիրը, մեր ժողովրդին դուրս բերել այս վիճակից, Ռոբերտ Քոչարյանն է»:

Պատգամավորն ասաց, որ ժամանակին ինքն էլ է քննադատել Քոչարյանին, այնպես չի, որ նրա կառավարման ժամանակ բոլորը երջանիկ են եղել, բայց իր խոսքով՝ «այսօր պետք է վեր կանգնենք ավելի ցածր արժեքից ու գերակայությունը տանք բարձրագույն արժեքին»։

Գևորգ Պետրոսյանն ասաց, որ ինքը մեծ հաճույքով դուրս կգար քաղաքականությունից, բայց ափսոսում է իր անցած ուղին. «Այստեղ քաղաքականություն չկա, այստեղ կան անձնական շահեր»: Նա բացառում է, որ ԲՀԿ-ի կողմից առաջարկ ստանալու դեպքում կհամաձայնի ընդգրկվել այդ կուսակցության ցուցակում. «Ընդամենը պատգամավոր դառնալու համար երբեք այդպիսի անպատվություն ինձ թույլ չեմ տա»: Երբ հիշեցրին, որ մի քանի անգամ ԲՀԿ-ն լքել է, նորից հետ է եկել՝ Գևորգ Պետրոսյանը պատասխանեց, որ 5 տարի ժամանակ է անցել ու այդ ընթացքում շատ բաներ են փոխված եղել, երբ նորից ԲՀԿ-ին անդամագրվել է:

Սղագրությունը՝ Առավոտի։

Ամենաթարմ