Միանգամից 4 մրցանակ․ Բիլի Էլիշը՝ Գրեմմի 2020-ի ֆավորիտ

Հրապարակող՝

Միանգամից 4 մրցանակ․ Բիլի Էլիշը՝ Գրեմմի 2020-ի ֆավորիտ

Ամենադիտվածներ

Լոս Անջելեսում տեղի ունեցավ տարվա գլխավոր երաժշտական մրցանակաբաշխության հանձնման 62-րդ արարողությունը՝ «Գրեմմի 2020»-ը։ Շքեղ շոուն տևել է մոտ երեք ժամ։ Մրցանակի համար պայքարը բավական լուրջ էր։

Staples Center սպորտային-համերգային դահլիճում հավաքվել է ամերիկյան շոու-բիզնեսի ամբողջ ծաղկաբույլը, երաժշտական բոլոր ուղղությունների ներկայացուցիչներ։ Միայն թե տոնը զգալիորեն մռայլվել էր լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մահվան լուրի պատճառով, որը զոհվել է ուղղաթիռի կործանման հետևանքով մրցանակաբաշխության մեկնարկից մի քանի ժամ առաջ։ Հանրությունը հարգել է նաև հայտնի ռեփեր, ակտիվիստ Nipsey Hussle-ի հիշատակը, որին նախորդ տարվա ապրիլին սպանել էին հագուստի իր խանութի մոտակայքում։

Շոուն սկսվել է խարիզմատիկ Lizzo-ի ելույթով, որը հանդես եկավ Truth Hurts երգով և որի համար մրցանակ ստացավ «Լավագույն փոփ սոլո կատարում» անվանակարգում։

18-ամյա մեգահայտնի երգչուհի Բիլի Էլիշը «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Տարվա լավագույն փոփ ալբոմ» անվանակարգում դեբյուտային When We All Fall Asleep, Where Do We Go? սկավառակի համար։ Այս անվանակարգում «Գրեմմի» էին հավակնում նաև Արիանա Գրանդեն «Thank u, next», Թեյլոր Սվիֆթը «Lover», Բեյոնսեն «The Lion King: The Gift», ինչպես նաև Էդ Շիրանը «No.6 Collaborations Project» ալբոմներով։

Ամերիկացի ռեփեր Lil Nas X-ի և քանթրի կատարող Ռեյ Բիլի Սայրուսի՝ Old Town Road երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արժանացել է մրցանակի լավագույն երաժշտական տեսանյութ անվանակարգում։

Լավագույն ռեփ ալբոմ է ճանաչվել Tyler The Creator-ի կոմպոզիցիաների հավաքածուն՝ IGOR։

Երգչուհի և բասիստ Էսպերանսա Սփոլդինգը ստացել է «Լավագույն վոկալային ջազ ալբոմ» մրցանակը, որին արժանացել է 12 Little Spells սկավառակի համար։

A Lot կոմպոզիցիան, որը կատարել են երաժիշտներ 21 Savage-ը և J. Cole-ը, մրցանակ է ստացել «Լավագույն ռեփ երգ» անվանակարգում։ Տեխասից Հերի Քլարկ կրտսերը Grammy-ի է արժանցել «Լավագույն ռոք երգ» անվանակարգում This Land կոմպոզիցիայի համար։

«Լավագույն ռեփ կատարում» անվանակարգում հաղթող է դարձել DJ Khaled-ը Higher կոմպոզիցիայի համար. այն համատեղ աշխատանք է Ջոն Լեջենդի և հանգուցյալ ռեփեր ու ակտիվիստ Nipsey Hussle-ի հետ։ Երգը թողարկվել է մինչև նրա մահը՝ 2019թ.-ի մարտին, և թողարկման ամբողջ հասույթը կուղղվի Hussle-ի ընտանիքին օգնություն տրամադրելուն։

Տարվա երգ անվանակարգում 8 աշխատանք է նեկայացված եղել, սակայն հաղթել է Bad Guy կոմպոզիցիան կրկին Բիլի Էլիշի կատարմամբ։ Նա մրցանակ է ստացել նաև «Տարվա լավագույն նոր արտիստ» անվանակարգում և հաղթել գլխավոր մրցանակը՝ «Տարվա լավագույն ձայնագրություն»։ Այսինքն՝ աղջիկը միանգամից չորս արձանիկ է ստացել ու ճանաչվել երեկոյի ֆավորիտը։ Բացի դրանից՝ «Տարվա երգ» անվանակարգում մրցանակ են հանձնել նաև երգի հեղինակին, այդ պատճառով բացի Էլիշից՝ Գրեմմի է ստացել նաև նրա եղբայրը՝ Ֆինեաս Օ՛Քոննելը։

Ամենաթարմ