Դերասանուհի և երգչուհի Ռիտա Ուիլսոնը նշում է իր կյանքի կարևորագույն հանգրվանը՝ քաղցկեղի դեմ պայքարում տասնամյա հաղթանակը։ Այս մասին նա հայտարարել է ապրիլի 28-ին՝ իր նոր՝ «Sound of a Woman» ալբոմի շնորհանդեսի ժամանակ, որտեղ ներառված են պրոդյուսեր Դեյվ Քոբի հետ համատեղ ստեղծված 11 օրիգինալ երգեր։
Ուիլսոնի առողջական պայքարը սկսվել է 2015 թվականին, երբ նրա մոտ ախտորոշվել էր կրծքագեղձի ինվազիվ քաղցկեղ։ Այդ ժամանակ վիրահատվելուց հետո դերասանուհին բազմիցս ընդգծել է բժշկական ախտորոշումների ժամանակ երկրորդ կարծիք ստանալու կարևորությունը։ Նա շնորհակալություն է հայտնել ընտանիքին և բժիշկներին՝ նշելով, որ ապաքինման ուղին հաճախ լի է անկանխատեսելի դժվարություններով։
Նոր ալբոմի ստեղծումը Ուիլսոնի համար դարձել է ինքնարտահայտման նոր փուլ։ Երգչուհին խոստովանել է, որ հենց այս նախագծի շնորհիվ է գտել իր իրական ձայնը։ Ալբոմում տեղ գտած «Throw Me a Party» երգը գրվել է հենց հիվանդության ծանր օրերին՝ Թոմ Հենքսի հետ ունեցած անկեղծ զրույցի արդյունքում, որտեղ նա խնդրել էր իրեն հիշել ոչ թե տխրությամբ, այլ տոնակատարությամբ։


