fbpx
Հասարակություն

Sputnik Արմենիան սխալ տեղեկություն է հայտնում Արմավիրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

«Sputnik Արմենիա» լրատվականը հունիսի 7-ին գրել էր, որ Արմավիրի մարզում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության ժամանակ 3 քաղաքացի է ձերբակալվել «Նիկոլ, դավաճան» գոչելու համար։

«Ձերբակալված քաղաքացիներից մեկը մեղադրվում է ընտրարշավը խոչընդոտելու համար։ Ուշագրավ է, որ նա այս հոդվածով առաջին մեղադրյալն է, քանի որ այն ընդունվել է Նիկոլ Փաշինյանի` Սյունիք այցից հետո, որտեղ քաղաքացիները հայհոյանքներ էին հնչեցրել նրա հասցեին։ […]։ Եվս երկու մարդ ձերբակալվել են վարչական հոդվածներով՝ իրավապահների օրինական պահանջներին չենթարկվելու համար»,- գրել էր գործակալությունը։

«Փաստերի ստուգման հարթակը», սակայն, պարզեց, որ կայքի հրապարակումը ճիշտ չէ ոչ միայն ձերբակալված անձանց թվի, այլև ձերբակալության՝ ներկայացված հիմքի մասով:

Ձերբակալվել է ոչ թե երեք, այլ մեկ անձ

Fip.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության ժամանակ ոչ թե 3 քաղաքացի է ձերբակալվել, այլ 2 անձ բերվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, կազմվել է համապատասխան արձանագրություն վարչական իրավախախտման վերաբերյալ, և նշված անձինք ազատ են արձակվել։ Եվս մեկ անձ բերման է ենթարկվել Քրեական օրենսգրքի 149 հոդվածով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) նախատեսված արարք կատարելու կասկածանքով, և գործը փոխանցվել է Քննչական կոմիտե։

Քննչական կոմիտեից նշեցին, որ տվյալ անձը ձերբակալվել է, բայց որևէ քրեական գործ չի հարուցվել, և այժմ նյութեր են նախապատրաստվում։

Ձերբակալված անձը 149 հոդվածով առաջին մեղադրյալը չէ

«Sputnik Արմենիան» թեև պնդում է, որ ձերբակալված քաղաքացին մեղադրվում է ընտրարշավը խոչընդոտելու մեջ, և շեշտում, որ նա այս հոդվածով առաջին մեղադրյալն է, քանի որ հոդվածն ընդունվել է Նիկոլ Փաշինյանի` Սյունիք այցից հետո, այսինքն՝ այս տարվա ապրիլի 21-ին։

Սակայն այս պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Քրեական օրենսգրքի 149 հոդվածը ոչ թե Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի կատարած այցից հետո է տեղ գտել օրենսգրքում, այլ եղել է օրենսգրքի բուն ընդունման օրից՝ 2003 թ․-ից, ուստի տրամաբանական է, որ այս տարիների ընթացքում նույն հոդվածով մեղադրյալներ շատ են եղել։

149 հոդվածում, իսկապես, փոփոխություններ եղել են, սակայն դրանք նախատեսվել էին ավելի վաղ և դեռ մարտի սկզբին ուղարկվել էին Վենետիկի հանձնաժողով։ Այդ փոփոխություններն Ազգային ժողովն ընդունել է ապրիլի 28-ին՝ լրացնելով 149.1 և 149.2 հոդվածները։ Մինչդեռ, ինչպես նշեցինք, տվյալ անձը ձերբակալվել է հենց 149 հոդվածի հիմքով, որը եղել է դեռ 2003-ից։

Այսպիսով, «Sputnik Արմենիա» լրատվականը սխալ տեղեկություններ է ներկայացրել թե՛ Արմավիրի մարզում տեղի ունեցած միջադեպի և թե՛ հաջորդող իրավական գործընթացների վերաբերյալ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ