Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երեկ պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը։
«Հայաստան» դաշինքի՝ նախընտրական քարոզարշավի առաջին օրն անցել է Սյունիքի մարզում։ Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը թիմակիցների հետ Սյունիք էր ժամանել քարոզարշավի մեկնարկի նախորդ օրը։
Ինչպես հայտնի է Սյունիքում պաշտոնավարող մի շարք անձինք՝ ի դեմս Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի, Կապանի քաղաքապետ՝ Գևորգ Փարսյանի, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի, երկրորդ նախագահի աջակիցներն են և հանգրվանել են Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի նախընտրական ցուցակում։
Դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը Ագարակում վստահ հայտարարել է, որ քարոզարշավը սկսում են այն կետից, որտեղ հերթական անգամ մերժվեց իշխանությունը։ Հակոբյանը նկատի ունի վերջերս Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում մի խումբ սյունեցիների խուլիգանական պահվածքը։
Թերևս վստահ կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանի դեմ կատարվածը, ոչ թե սյունեցիների կողմից հանրային դժգոհության արտահայտման ձև էր, այլ Ռոբերտ Քոչարյանին աջակցող Սյունիքի համայնքապետերի սարքած բեմադրությունը։ Հակառակ դաշինքի անդամների պնդումներին, հստակ է, որ դաշինքը չունի հանրային աջակցություն, որի ապացույցն են Սյունիքում սակավամարդ հավաքները։
Գաղտնիք չէ, որ «Հայաստան» դաշինքի ցուցակում տեղ գտած Սյունիքի համայնքապետերը վարչական լծակներ ունեն, իսկ նախկին մարզպետ Վահե Հակոբյանն էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի սեփականատերերից է և աշխատակիցների վրա մեծ ազդեցություն ունի։
Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանն իր՝ Սյունիքի մարզ այցեությունների ընթացքում օգտագործել է վարչական լծակներ։ Մասնավորապես՝ Քաջարանի պղձամոլիբդենային հանքավայրի աշխատակիցներին սպառնալիքի ազդեցության տակ, թե աշխատանքից կհեռացնեն, ստիպել են մասնակցել «Հայաստան» դաշինքի հավաքներին։
Բացի դա՝ Երևանից ավտոբուսներով «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական նախաձեռնության անդամ երիտասարդներին են տարել, ովքեր, իբրև թե, ոգևորելու էին հավաքի մասնակիցներին, իսկ երեխաներին բաժանել են դաշինքի տարբերանշանով գլխարկներ և վերնաշապիկներ։
Անզեն աչքով նկատելի է, որ հավաքների մասնակիցները ուղիղ երկխոսության մեջ չեն բեմահարթակից ելույթ ունեցող դաշինքնի թեկնածուների հետ։ Ավելին՝ հարթակից արված հայտարարություններին՝ մասնակիցները էմոցիոնալ առումով չեն արձագանքում, ոգևորված չեն սպասում հարթակից լսվող խոստումներին։
Հստակ է, որ դաշինքի, այսպես ասած աջակիցները միայն ներկայություն են ապահովում և սպասում են հավաքի ավարտին։
Չնայած Սյունիքի համայնքապետերի գործադրած բոլոր ջանքերին՝ հավաքներն անցել են կիսադատարկ հրապարակներում ու դահլիճներում։ Ավելին՝ հրապարակված լուսանկարներում տեսանելի է, որ Մեղրիի փողոցներում գետնին են շպրտած դաշինքի պլակատներն ու բուկլետները։
Այսպիսով՝ հաշվի առնելով, որ դաշինքի ներուժն ու հաշվարկները հիմնված են Սյունիքի վրա, ասել է թե, Սյունիքը դաշինքի հնարավորությունների մաքսիմալն է, ընտրություններում նրանց շանսերը անգամ մոտ չեն իրենց գեներացված կանխատեսումներին։
Շողիկ Կակոյան