Որևէ լարվածություն չկա, անհանգստացնող միջադեպեր չեն եղել. Վայոց ձորի մարզպետը՝ Ջերմուկում իրավիճակի մասին

Հրապարակող՝

Որևէ լարվածություն չկա, անհանգստացնող միջադեպեր չեն եղել. Վայոց ձորի մարզպետը՝ Ջերմուկում իրավիճակի մասին

Որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ջերմուկում սահմանային իրավիճակին, ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

«Ընդհանուր որևէ լարվածություն չկա, անհանգստացնող միջադեպեր չեն եղել»,- հայտնեց Գրիգորյանը:

Մարզպետը վստահեցրեց, որ բնակիչների մեծ մասը վերադարձել է Ջերմուկ:

Ինչ վերաբերում է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով առողջարանային բիզնեսի կրած վնասներին, ապա Արարատ Գրիգորյանը հայտնեց, որ բազմաթիվ քննարկումներ են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, հանդիպումներ են եղել հյուրանոցների տնօրենների հետ:

«Որպես այդպիսին՝ հիմա գործարկվող ծրագրեր չկան, բայց ծրագրերի նախագծեր քննարկվում են»,- ասաց մարզպետը:

Ինչ վերաբերում է Ջերմուկի վնասված ճոպանուղուն, ապա, մարզպետի խոսքով, ամեն ինչ արվում է, որ այն գործի:

«Ե՛վ լարեր են վնասվել, և՛ տարբեր մասեր, որ լրացուցիչ ուսումնասիրություն է պահանջվում: Ամեն ինչ անում ենք, որ այն գործի»,- ասաց Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդական առաքելությանը, Վայոց ձորի մարզպետը նշեց, որ դիտորդների հետ պարբերաբար հանդիպումներ են ունենում:

Ամենաթարմ