fbpx
Իրավական

ՄԻՊ-ը Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը համարում է խիստ մտահոգիչ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր վաղ առավոտյան զանգահարել և խոսել է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի հետ նրա «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա կրակոցի մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո:

Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Facebook-ի պաշտոնական էջից։

Բաբաջանյանը տեղեկացրել է, որ այդ պահին քննություն իրականացնող իրավապահ մարմինները եղել են իր տանը, իրականացրել համապատասխան գործողություններ:

Վարչապետի թեկնածուն Թաթոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ չի բացառել, որ այսօրվա դեպքը կարող է կապված լինել Երևանում հունիսի 18-ին տեղի ունեցած իրենց դաշինքի եզրափակիչ հավաքի ընթացքում ելույթներում հնչած շեշտադրումների հետ:

ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը, այն էլ քվեարկության օրը:

Նա նշում է, որ իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները` արագ քննություն ապահովելու և տեղի ունեցածը բացահայտելու համար։ Արձանագրվել է, որ Քննչական կոմիտեն արդեն իսկ հարուցել է քրեական գործ, նշանակել է դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն և կատարել այլ դատավարական գործողություններ:

ՄԻՊ-ի աշխատակազմից խնդրի վերաբերյալ գրություն կուղարկվի իրավապահ մարմիններին, հարցը կլինի Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ