Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Իջեւանում տեղի ունեցած եւ դրան հաջորդած իրադարձությունները մարդու իրավունքների տեսանկյունից: Այս մասին news.am-ին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
1. 2019 թվականի հուլիսի 17-ին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջեւան քաղաքի Երեւանյան ու Իջեւանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը մի խումբ անձանց կողմից փակելու, ճանապարհը փակած անձանց ու Ոստիկանության ծառայողների միջեւ բախումների մասին տեղեկություններից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը սահմանել է շուրջօրյա դիտարկում:
2. Պաշտոնական պարզաբանումների համաձայն՝ ճանապարհը փակելու եւ բախումների պատճառ է եղել այն, որ Ոստիկանությունն արգելել է ապօրինի ծառահատումները:
3. Այս տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ:
4. Հուլիսի 17-ի երեկոյան ահազանգեր են ստացվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին: Ահազանգերի համաձայն՝ մարդիկ իրենց ընտանիքների, այդ թվում՝ մանկահասակ երեխաների հետ մեքենաներով կանգնած են ճանապարհին եւ չեն կարողանում հասնել իրենց անհրաժեշտ, այդ թվում՝ բնակության վայրերը՝ տեղաշարժի հնարավորություն չունենալու պատճառով։ Ահազանգող անձինք նշել են նաեւ, որ տեղի են ունեցել բախումներ, որի հետեւանքով վնասվածքներ են ստացել ինչպես քաքաքացիական անձինք, այնպես էլ ոստիկանության ծառայողներ:
5. Պաշտպանի որոշմամբ` 2019 թվականի հուլիսի 18-ի վաղ առավոտյան հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Տավուշի մարզի Իջեւան քաղաք:
6. Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ բոլոր հարցերը քննարկել է Տավուշի մարզպետի հետ: Մարզպետի հետ առանձին հանդիպում է ունեցել նաեւ Իջեւան գործուղված աշխատանքային խումբը: Դրանից բացի, Պաշտպանի ներկայացուցիչները առանձին քննարկումներ են ունեցել Ոստիկանության եւ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունների ղեկավարների հետ:
7. Մարզպետարանում տեղի են ունեցել առանձնազրույցներ միջադեպի կապակցությամբ արգելանքի վերցված անձանց մերձավոր ազգականների, այդ թվում՝ նրանց ծնողների հետ:
8. Նույն օրը՝ հուլիսի 18-ին բերման ենթարկված կամ արգելանքի վերցված անձանց տեսակցելու, նրանց իրավունքների ապահովման վիճակն ուսումնասիրելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւս մեկ աշխատանքային խումբ է այցելել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն եւ առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված թվով 19 անձի հետ, իրականացրել նրանց վերաբերյալ փաստաթղթերի ու իրավունքների ապահովման վիճակի ուսումնասիրություն:
9. Բերման ենթարկված եւ ձերբակալված անձինք առանձնազրույցների ընթացքում պնդել են, որ Ոստիկանության ծառայողներն իրենց անհիմն են բերման ենթարկել, չեն տրամադրել որեւէ տեղեկություն բերման ենթարկելու հիմքերի կամ պատճառների մասին. դա արվել է միայն Երեւանում՝ Ոստիկանության վարչություն բերվելուց հետո: Ավելին, ըստ նրանց՝ արգելանքի վերցնելը տեղի է ունեցել գիշերը, երբ իրենք իրենց ընտանիքների անդամների, այդ թվում երեխաների հետ քնած են եղել, իրենք Ոստիկանություն են տարվել գրեթե մերկ վիճակում՝ ներքնազգեստով: Մի քանի դեպքում նշվել է, որ դա տեղի ունեցել երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխայի ներկայությամբ՝ բերման ենթարկելը ուղեկցելով ինչպես իրենց, այնպես էլ ընտանիքի անդամների արժանպատվությունը վիրավորող արտահայտութ¬յուններով: Այս մասին նշել են նաեւ արգելանքի վերցվածների ծնողները Իջանում նրանց հետ ունեցած առանձնազրույցների ընթացքում:
10. Ըստ բերման ենթարկված եւ ձերբակալված անձանց՝ իրենց գտնվելու վայրի մասին իրենց ընտրած անձին հնարավորություն են ունեցել տեղեկացնել միայն Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում՝ Երեւանում: Ըստ Պաշտպանի աշխատակազմին փոխանցած տեղեկությունների՝ այս իրավունքի հետաձգման համար պատճառաբանություն չի բերվել եւ որեւէ ակտ չի կայացվել:
Իրականում, այս իրավունքը երաշխավորած է ՀՀ Սահմանադրությամբ եւ ամրապնդված է երաշխիքներով, եթե անհրաժեշտ է լինում հետաձգել:
11. Դրանից բացի, Ոստիկանությունում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների մեկօրյա աշխատանքը հնարավորություն է տվել արձանագրել, որ Ոստիկանության համապատասխան մատյաններում ազատությունից զրկման սկզբնական պահ է ֆիքսվում ոչ թե անձին փաստացի արգելանքի վերցնելու, այլ Ոստիկանության վարչություն մուտք գործելու պահը եւ ժամանակն էլ հաշվվում է հենց այդ պահից: Խոսքն, օրինակ, վերաբերում է մինչեւ 3 ժամով անձին ազատությունից զրկելու օրենսդրական հնարավորությանը: Այս հարցն առավել կարեւոր է՝ հաշվի առնելով, որ կոնկրետ դեպքում մարդիկ Երեւան էին տեղափոխվում Իջեւանից, իսկ այդ ժամանակը նույնպես պետք է հաշվել ազատությունից զրկելու ժամանակի մեջ:
Հարցն այն է, որ միջազգային իրավաբանությամբ՝ մարդը համարվում է ազատությունից զրկված այն պահից սկսած, երբ նա ստիպված է հետեւել ոստիկանի կամքին եւ չի կարող ինքնակամ լքել իր գտնվելու վայրը: Հետեւաբար, ժամանակն էլ պետք է հաշվել հենց այդ, այսինքն՝ ազատությունից փաստացի զրկելու պահից՝ անկախ նրանից, թե ինչ վարույթ է իրականացվում (քրեական, վարչական կամ այլ), աշխարհագրորեն որտեղ է այդ վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրը կամ որն է վարույթի համար որոշված ենթակայությունը:
12. Պաշտպանն ընդգծում է, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում գտնվելու ընթացքում բերման ենթարկված կամ ձերբակալված որեւէ անձի նկատմամբ ոստիկանների կողմից վատ վերաբերմունք չի արաձանգրվել: Ոստիկանության ծառայողների դեմ բողոք կամ դժգոհություն չի ներկայացվել: Նույն սկզբունքով, խնդիրներ չեն արձանագրվել նաեւ Ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայրում:
13. Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ բերման ենթարկելիս կամ ձերբակալելիս փաստացի արգելանքի վերցնելու կամ որ նույնն է՝ ազատությունից զրկելու սկզբնական փուլերում անձի նվազագույն իրավունքների երաշխավորման, նրա նկատմամբ պատշաճ վերաբերմունքի ապահովման հարցերը շարունակում են համակարգային առումով լինել խնդրահարույց: Պատճառն այն է, որ դրանք չունեն ինստիտուցիոնալ հիմքեր, իսկ օրենսդրությունը չի բովանդակում երաշխիքների պատշաճ կարգավորում:
Այլ կերպ՝ խոսքը վերաբերում է ազատությունից զրկելու մեխանիզմի գործադրմանը, այն է՝ փողոցից կամ տանից մարդուն Ոստիկանության բաժին կամ այլ իրավապահ մարմնի գտնվելու վայր տեղափոխելու ընթացքին:
Այս խնդիրը հստակ արձանագրված է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում ու հաղորդումներում: Այն արձանագրված է նաեւ Պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ Սաահմանադրական դատարանի 2017 թվականի համապատասխան որոշմամբ:
14. Իջեւանում գտնվելու ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են նաեւ այն բժշկական հաստատություն, ուր տեղափոխված են եղել հուլիսի 17-ի բախումների հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած Ոստիկանության ծառայողները: Վերջիններիս հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ինչպես նաեւ մանրամասն ուսումնասիրվել են զանգվածային լրատվության միջոցներում եւ սոցիալական մեդիայում տեղ գտած հրապարակումները:
Արձանագրվել են տվյալներ այն մասին, որ բախումների ընթացքում ճանապարհ փակած մի շարք անձինք Ոստիկանության ծառայողների նկատմամբ գործադրել են բռնություն, այդ թվում՝ փայտի կտորներ կամ այլ իրեր ոստիկանների ուղղությամբ նետելով: Լրատվական հրապարակումների դիտարկումը վկայում է, որ Ոստիկանության ծառայողների նկատմամբ թույլ են տրվել նաեւ նրանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ:
Մարդու իրավունքների պաշտպանն այս առնչությամբ մեր բոլոր հայրենակիցներին խնդրում է նկատի ունենալ, որ ցանկացած տեսակի հավաքի ժամանակ, այդ թվում՝ որեւէ հարցի առնչությամբ բողոք արտահայտելիս իր ծառայությունն իրականացնող ոստիկանի ուղղությամբ փայտ կամ այլ իր նետելը, նրան վիրավորելն օրենքով արգելված վարքագիծ է: Այդպիսի վարքագիծը հանգեցնում է լարվածության եւ վտանգում է խնդրի խաղաղ հանգուցալուծումը: Այն հակասում է իրավունքի գերակայության սկզբունքին:
15. Մարդու իրավունքների պաշտպանը կարեւոր է համարում այս ողջ ընթացքում Տավուշի մարզպետի գործադրած ջանքերը եւ համագործակցությունը Պաշտպանի հետ:
16. Արդյունավետ համագործակցություն է հաստատված եղել Ազգային ժողովի մի շարք պատգամավորների հետ, ովքեր մշտական կապի մեջ են Մարդու իրավունքների պաշտպանի հետ:
17. Պաշտպանը համապատասխան գրություններ է հասցեագրել ինչպես Ոստիկանություն, այնպես էլ Դատախազություն, պահանջվել են պարզաբանումներ ու բարձրացվել է ստուգողական գործողությունների հարց, այդ թվում՝ քրեական վարույթի շրջանակում ոստիկանների կողմից վատ վերաբերմունքի առնչությամբ:
18. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման վարույթը: Կշարունակվեն ձեռնարկվել օրենքով պահանջվող բոոր անհրաժեշտ միջոցները: