Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևին:
«Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը:
Նախարար Միրզոյանը հայկական կողմի աջակցությունն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններին, որտեղ ընդգծված է հանրահայտ սկզբունքների և տարրերի հիման վրա հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։
- Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին
- Արարատ Միրզոյանն ընդունել է մի շարք դեսպանների
Արարատ Միրզոյանը շեշտել է առաջնահերթ հումանիտար խնդիրների հասցեագրման հրատապությունը։ Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
