Բոլիվիայի Գերագույն ընտրական դատարանի նախագահը հաստատել է, որ երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսը մերժվել է Սենատի ընտրություններում թեկնածություն դնելու հարցում:
«Կապված մշտական բնակության պայմանը չկատարելու հետ՝ դատարանը Սենատի ընտրություններում Կոչաբամբա նահանգից Էվո Մորալեսի թեկնածությունն անվավեր է ճանաչել»,-ասել է Գերագույն ընտրական դատարանի նախագահ Սալվադոր Ռոմերոն:
Նա հավելել է, որ նույն պատճառով անվավեր է ճանաչվել նախկին արտգործնախարար Դիեգո Պարիի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ Մորալեսը գրեթե 14 տարի իշխանության լինելուց հետո՝ բողոքի ակցիաների ճնշման տակ, 2019 թվականի նոյեմբերի 10-ին հրաժարական էր տվել: Դիտորդները բազմաթիվ խախտումներ էին հայտնաբերել հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն Մորալեսը հայտարարել էր, որ ինքը հեղաշրջման զոհ է դարձել:
Մորալեսը ներկայում ապրում է Արգենտինայում:
