Մոսկվայում ԱՄՆ քաղաքացի հայտնի ֆինանսիստի են ձերբակալել

Փետրվարի 15-ին Մոսկվայում ձերբակալվել է Baring Vostok ներդրումային ընկերության հիմնադիր, ԱՄՆ-ի քաղաքացի Մայք Քալվին։

Նրան Բասմանի դատարան են տեղափոխել, որտեղ ֆինանսիստի կալանքը երկարաձգել են երեք օրով։ Քալվիի խափանման միջոցի մասին վճիռը կկայացվի փետրվարի 16-ին։

Նշվում է, որ Քալվիի նկատմամբ հետաքննություն է ընթանում՝ ըստ ՌԴ Քրեական օրենսգրքի 4 հոդվածի 159-րդ կետի (կազմակերպված հանցախմբի միջոցով կամ խոշոր չափերի իրականացված խարդախություն)։

Բացի նրանից, ձերբակալվել է ընկերության ևս 5 ներկայացուցիչ՝ ներդրումների գծով տնօրեն Իվան Զյուզինը, ֆինանսական հատվածի տնօրեն, Ֆրանսիայի քաղաքացի Ֆիլիպ Դելփալը, ընկերության գործընկեր Վահագն Աբգարյանը, «Նորվիկ բանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Կորդիչևը և Մաքսիմ Վլադիմիրովը։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ կասկածյալներն ավելի քան 2․5 մլրդ ռուբլի են հափշտակել։

Ամենաթարմ