Հունիսի 30-ին հաղորդագրություն է տարածել Իմ քայլը, նրանք հայտնում են, որ մշակույթի ՊՈԱԿ-ները ձեռք են բերել արվեստի կառավարման նոր հմտություններ։
«ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Արվեստի կառավարում. կարողությունների զարգացում» ծրագրի 1-ին փուլի արդյունքում շահառուները ձեռք բերեցին ռազմավարական կառավարման, ֆոնդահայթայթման, նորարարական և ինստիտուցիոնալ մարքեթինգի, միջազգային համագործակցության հմտություններ։
2020 թ․ ապրիլին մեկնարկած ծրագիրն իրականացվում է «Մշակույթի և զբոսաշրջության կայուն զարգացում» ՀԿ-ի կողմից և նպատակ ունի մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպություններին (ՊՈԱԿ) փոխանցել ֆոնդահայթայթման կարողություններ և մշակութային նորարարական պրոդուկտներ ստեղծելու ու հանրության շրջանում դրա ճանաչելիությունը բարձրացնելու հմտություններ:
Ծրագրի հիմքում ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացված՝ մշակույթի ՊՈԱԿ-ների վիճակի գնահատումն է, որը վերհանել էր ոլորտում օրենսդրական փոփոխությունների և հաստատությունների կարողությունների զարգացման հիմնարար կարիքները։
Առաջին կարիքի հասցեագրման նպատակով մշակվել և ԿԳՄՍ նախարարությանն է ներկայացվել օրենսդրական փոփոխությունների առաջարկների փաթեթ, իսկ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի աջակցությամբ մեկնարկած «Արվեստի կառավարում. կարողությունների զարգացում» ծրագիրն ուղղված է երկրորդ կարիքի բավարարմանը։
- ՊՈԱԿ-ի տնօրենը հափշտակել է 9 միլիոնից ավել դրամ․ ԱԱԾ-ի բացահայտումը
- Ստեփան Մաչյանը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ղեկավար
Ծրագիրը բաղկացած է 3 փուլից, որոնցից առաջինն ամփոփվեց այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին անցկացված կարողությունների զարգացման դասընթացով։ 18 ՊՈԱԿ-ների շուրջ 35 ներկայացուցիչներ մասնակցեցին 6 դասախոսության, որոնք համակարգում էր «Մշակույթի և զբոսաշրջության կայուն զարգացում» ՀԿ֊ի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը։ «Միջազգային համագործակցություն» թեմայի շրջանակներում դասընթացի մասնակիցները հանդիպեցին «Ստեղծարար Եվրոպա» (Creative Europe) կազմակերպության ներկայացուցիչներին։
Ներկայումս ընթանում է Ծրագրի 2֊րդ փուլը, որը ներառում է ՊՈԱԿ-ների հետ անհատական աշխատանք՝ յուրաքանչյուրի զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ։
Ծրագրի վերջին փուլով նախատեսվում է ՊՈԱԿ-ների աշխատանքի գնահատման որակական և քանակական ցուցանիշների մշակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ»։