Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվում է կառավարության կատարողականը, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի իրականացման ընթացքը՝ սկսելով 2019 թվականի ամենաթարմ նորություններից։
«Առաջին երեք ամիսների մեր գործունեությունն ամփոփելով՝ մենք եկել ենք այն եզրակացության, ավելի ճիշտ` համոզման, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարենք առնվազն 40 միլիարդ դրամով։ Սա մոտավորապես 90 միլիոն դոլար է։ Այսինքն` պետական եկամուտները 2019 թվականին կլինեն առնվազն այսքանով ավել, քան նախատեսված է Ազգային ժողովի ընդունած բյուջեով», – ասաց Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ սա աննախադեպ երևույթ է առնվազն վերջին 9 տարվա համար, քանի որ նախկինում չի եղել այնպես, որ բյուջեի եկամուտները գերակատարվեն։
Հայաստանի բյուջեի եկամտային մասը գերակատարվելու է։ Մոտ 40 մլրդ դրամ ավել է հավաքվելու, քան նախատեսված էր: Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչ են մտադիր անել այդ գումարի հետ։
«Մենք մտադրված ենք 2019 թվականի հունիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել ՀՀ ԶՈւ զինծառայողների աշխատավարձը, իսկ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից նույն չափով բարձրացնել ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը։ Մոտավորապես 38 հազար ուսուցչի մասին է խոսքը», – ասաց Փաշինյանը։
Դրանից բացի, վարչապետի խոսքով` նախատեսվում է իրականացնել տարբեր մակարդակի 303 կիլոմետր ճանապարհների նորոգում, հիմնանորոգում և այլն։ Սա, ըստ Փաշինյանի, նույնպես աննախադեպ է վերջին 9 տարիների համար։