Մեր օրերում շատ արագ զարգացող նոր սոցիալական ցանցը դարձել է աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերի սիրելի հարթակներից մեկը։ Խոսքը Clubhouse-ի մասին է, որտեղ օգտատերերը կարողանում են միամյանց հետ հաղորդակցվել կենդանի ձայնով։
Ակտիվ հայ մասնակիցները խմբերից մեկում թիմ են ձևավորել քննարկումների ընթացքում և որոշել են օգնել ՀՀ շրջաններում և Արցախում բնակվող հայ երեխաներին՝ ապահովելով դպրոցներին երաժշտական գործիքներով։ Այդ նպատակով ստեղծել են Instagram-ի էջ և կազմակերպել են հանգանակություն։ Նրանց հայտարարության մեջ մասնավորաբար ասված է.
«Ո՞րն է մեր նպատակը:
Մեր թիմը անհագ ցանկություն ունի հայ երեխաներին ապահովել երաժշտական գործիքներով՝ դրանով իսկ նպաստելով դասական և հայ ազգային երաժշտության զարգացմանը ՀՀ-ի և Արցախի փոքր քաղաքներում և գյուղերում:
Մենք կազմակերպել ենք դրամահավաք այն դպրոցների համար, որոնք ունեն երաժշտական գործիքների կարիք:
Նվիրատվություններ կարող եք կատարել GoFundMe կայքում՝ gf.me/u/zkrisg հղումով։
Մեր թիմը պարբերաբար կիրազեկի կատարվող աշխատանքների մասին:
Ինչպե՞ս կարող եք օգնել:
– Հանգանակություն կատարելով և աջակցելով տարածել տեղեկատվությունը , ավելի շատ նվիրատվություն ստանալու համար:
– Նվիրաբերել նոր կամ օգտագործված երաշժտական գործիքներ, ինչպես նաև օգնել մեզ գտնելու պատշաճ վիճակում գտնվող գործիքներ մատչելի գներով:
– Ստեղծելով կապ մեր թիմի և երաժիշտների միջև, ովքեր կցանկանան միանալ մեր թիմին կամ օգտակար լինել որևէ կերպ։
– Օգնելով մեզ գործիքներն առաքել Հայաստանի և Արցախի գյուղերի դպրոցներ»:
Այսպիսի նախաձեռնությունները շատ կարևոր են այս օրերին բոլորի համար՝ միմյանց հանդեպ կարեկցանքի, համերաշխության և միասնական ուժի զգացողության վերականգնման համար։
Մենք նույնպես կոչ ենք անում մասնակից դառնալ և օժանդակել այս կարևոր ու գեղեցիկ աշխատանքին։ Նշենք, որ այս նախաձեռնությունն իր նպատակադրած 5000 եվրոյից կեսից ավելին հավաքագրել են մի քանի օրերի ընթացքում։ Նախաձեռնող թիմը խոստանում է ավելին։
