Նադալը դուրս եկավ Ուիմբլդոնի երրորդ շրջան

Լոնդոնում շարունակվում է Թենիսի Մեծ սաղավարտի տարվա երրորդ մրցաշարը՝ Ուիմբլդոնը։ Երեկ ավարտվեց մրցաշրջանի երկրորդ շրջանը։

Տղամարդկանց մենախաղի օրվա գլխավոր դիմակայությունում միմյանց դեմ մրցեցին աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը և Ավստրալիայի ներկայացուցիչ Նիկ Կիրիոսը։ 33-ամյա իսպանացին դժվարին պայքարում չորս սեթում առավելության հասավ Կիրիոսի նկատմամբ 6-3, 3-6, 7-6(5), 7-6(3) հաշվով և դուրս եկավ մրցաշարի երրորդ շրջան։

Նշենք, որ Նադալի հաջորդ մրցակիցը Ջո-Ուիլֆրեդ Ցոնգան է։ Վերջինս երեք սեթում առավելության է հասել Լիտվայի ներկայացուցիչ Ռիկարդաս Բերանկիսի նկատմամբ։

Ավելացնենք, որ այսօր մեկնարկում է մրցաշարի երրորդ շրջանը։ Հայկական արմատներ ունեցող ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը երրորդ շրջանում մրցելու է Ռոբերտո Բաուտիստա Ագուտի հետ։ Մրցաշարի գործող չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը վաղը մրցելու է Հուբերտ Հուրկաչի հետ։

Նշենք, որ երկրորդ շրջանի իր խաղում վստահ հաղթանակ էր տարել նաև Ռոջեր Ֆեդերերը։

Ամենաթարմ