fbpx
Հասարակություն

Նաիրա Զոհրաբյանն ընդունել է «Հյուման Ռայթս Ուոչ» կազմակերպության ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եվ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մայիսի 16-ին ընդունել է «Հյուման Ռայթ Ուոչ» կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով բաժանմունքի փոխտնօրեն Ջեյն Բյուքենընին և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ասոցացված տնօրեն Գիորգի Գոգիային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները:

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ այս խմբին պատկանող ոչ միայն երեխաները, այլ նաև հասուն մարդիկ ունեցել և այսօր էլ ունեն հասարակությանն ինտեգրվելու խնդիր: Հանձնաժողովի նախագահը հյուրերին ցույց է տվել այն տեսաձայնագրությունը, որտեղ ինքը հաշմանդամի սայլակի վրա փորձարկում է երևանյան բոլոր թեքահարթակները, որոնց գերակշիռ մեծամասնությունը հարմարեցված չէ հաշմանդամության սայլակին: Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ այսօր էլ այդ շերտի ներառականության հարցը դեռ չլուծված խնդիրներից մեկն է:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում խորհրդարան կներկայացվի հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն, որի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկելու է հեղափոխական մոտեցումներ: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ Կառավարության կողմից հատկացվող գումարները պետք է ճիշտ տեղաբաշխվեն և տրվեն հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին, որպեսզի վերջինս մնա ընտանիքում: Հանձնաժողովի նախագահի այս տեսակետը պաշտպանել է նաև Ջեյն Բյուքենընը: Նաիրա Զոհրաբյանն անհրաժեշտ է համարել նաև այդ ընտանիքներին սոցիալական և բժշկական ծառայության տրամադրումը:

Ջեյն Բյուքենընը նշել է, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մշտապես կարող է ստանալ «Հյուման Ռայթս Ուոչ» կազմակերպության իրենց բաժանմունքի խորհրդատվական աջակցությունը թե՛ համապատասխան օրենքի մշակման, թե՛ նման հաստատություններից երեխաներին իրենց ընտանիքներ տեղափոխելու և այնտեղ պահելու գործում ռեսուրսների ճիշտ տեղաբաշխման հարցերում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ