Լրատվամիջոցները երեկ ահազանգեցին Կոտայքի մարզում գտնվեղ «Ջրվեժ» այգում ապօրինի շինարարության մեկնարկի մասին։ Գրվել էր, թե այգին ճանաչվել է որպես հատուկ պահպանվող տարածք-արգելոց, ինչը նշանակում է, որ այնտեղ չեն կարող շինարարական աշխատանքներ իրականացվել։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը նշում է, որ համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի՝ Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքները դասակարգվում են հետևյալ կատեգորիաներով՝ պետական արգելոց, ազգային պարկ, պետական արգելավայր և բնության հուշարձան: Ինչպես հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը՝ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում գտնվող «Ջրվեժ» անտառպարկը արգելոց չէ։ Այն ունի գրեթե նույն կարգավիճակը, ինչ Երևանի յուրաքանչյուր քաղաքային այգի։ Այգին նախատեսված է քաղաքացիների հանգստի համար նաև։
Անտառտնկարկը, սահմանվում է ՀՀ բուսական աշխարհի մասին օրենքի 1-ին հոդվածով, այն բուսական աշխարհի օբյեկտ է։ Բուսական աշխարհի օբյեկտները օգտագործվում են համաձայն բուսական աշխարհի մասին օրենքի 21-րդ հոդվածի՝
ա) գյուղատնտեսական նպատակներով
բ) արդյունագործական նպատակներով
գ) սոցիալական, բնապահպանական և գեղագիտական նպատակներով
դ) գիտահետազոտական և կրթական նպատակներով:
Նախարարության փոխանցմամբ՝ «Ջրվեժ» անտառպարկում տեղի ունեցող աշխատանքները համապատասխանում են հիշյալ օրենքի գ) կետին, որը թույլ է տալիս իրականացնել ռեկրեացիոն բնույթի աշխատանքներ։
«Ջրվեժ» անտառպարկում հայտարարվել է տարածքների վարձակալության մրցույթ, որին մասնակցել են բազմաթիվ կազմակերպություններ. հաղթող են ճանաչվել երկուսը։
Ներկայացված նախագծերի համաձայն՝ այդ ընկերությունները պետք է ծավալեն հանգստյան գոտիների կազմակերպման գործունեություն՝ առանց վնասելու անտառպարկի բուսականությանը։ Ներկայացված բիզնես ծրագրերով՝ վերջիններս պարտավորվել են իրականացնել լայնածավալ ծառատունկ՝ անտառպարկի տարածքում ավելացնելով բարձրորակ ծառատեսակների քանակը։
Նախագծերից մեկով՝ նախատեսվում է հիմնել հյուրանոց, որը, սակայն, չի գտնվելու անտառպարկի անտառային հատվածում։ Դրա շինարարությունը, որը, ի դեպ պետք է դեռևս անցնի ՇՄԱԳ փորձաքննություն, չի իրականացվելու անտառպարկի բուսածածկ տարածքում, այլ դրա՝ ծառազուրկ հատվածում։
Աղբյուրը հավելում է, որ կազմակերպությունները այժմ իրականացնում են պայմանագրային պարտականություններից բխող բարեկարգման աշխատանքներ և գտնվում են անտառպարկի աշխատակիցների հսկողության տակ։
Շրջական միջավայրի նախարարության փոխանցմամաբ՝ այս փուլում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն առկա են: Այժմ վարձակալներից մեկի մոտ իրականացվում է կանաչապատման, ոռոգման համակարգի ձևավորման, ցանկապատման և հարթեցման աշխատանքներ: Երկրորդ վարձակալի մոտ իրականացվել են տարածքի մաքրման և հարթեցման աշխատանքներ:
Նշվում է նաև, որ ընկերությունների կողմից իրականացվելիք ներդրումների չափը կազմում է 941 մլն 300 հազար դրամ: