ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ նախարարությունում այսօր անցկացվել է աշխատանքային քննարկում՝ նվիրված տրանսպորտային ոլորտի քաղաքականությանը, ուղևորափոխադրումների ոլորտներում առկա խնդիրներին:
Ոլորտային փոխնախարար Արմեն Սիմոնյանը նախարարին է զեկուցել Հայաստանի Հանրապետության տրանսպորտային ոլորտում առկա իրավիճակը, գոյություն ունեցող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված հնարավոր իրատեսական քայլերը: Մասնավորապես քննարկման առարկա են դարձել ավտոմոբիլային և երկաթուղային փոխադրամիջոցների ներպետական և միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու մասին հարցադրումները, ոլորտի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:
Նախարար Պապիկյանն առաջարկել է ուղևորատար ավտոմոբիլային փոխադրումները կանոնակարգելու և այն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտ բանակցություններ վարել արտասահմանյան կազմակերպությունների հետ, հասկանալ նրանց՝ Հայաստանում գործունեություն ծավալելու նկատմամբ ունեցած հետաքրքրությունների շրջանակը, համագործակցության հնարավորությունները:
Նախարարի խոսքով թե՛ ավտոմոբիլային, թե՛ երկաթուղային տրանսպորտի բնագավառում նախատեսվող առողջացման միջոցառումներն իրականացնելիս անհրաժեշտ է որպես ելակետ չընդունել առկա իրողությունները և ներկայացնել հավակնոտ գաղափարներ:
Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ տրանսպորտի ոլորտի զարգացմանը միտված ռազմավարության մշակման և իրականացման քայլերը շարունակական բնույթ են կրելու և վերջնարդյունքում հանգեցնելու են ոլորտում առկա խնդիրների համակարգային լուծմանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։