Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում «Նապոլին» ընդունեց «Բարսելոնա»-ին:
Առաջին խաղակեսում իտալական թիմի հակագրոհները բավականին վտանգավոր էին․ Գատուզոյի թիմը հրաշալի էր կազմակերպել պաշտպանությունը ու հնարավորության դեպքում անցնում էր կայծակնային հակագրոհների: 30-րդ րոպեին Ֆիրպոն կորցրեց գնդակը, այն խլեց Զելինսկին ու փոխանցեց Մերտենսին, վերջինս էլ գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը՝ 1:0:
Կատալոնական ակումբը առավել ակտիվ էր երկրորդ խաղակեսի սկզբում․ 57-րդ րոպեին «Բարսան» հավասարեցրեց հաշիվը: Բուսկետսը մեկ փոխանցումով կտրեց «Նապոլի»-ի ամբողջ պաշտպանությունը. Սեմեդուն գնդակը փոխանցեց Գրիզմանին, վերջինս էլ հավասարեցրեց հաշիվը՝ այն դարձնելով 1:1: 63-րդ րոպեին Տեր Շտեգենի դիմաց միայնակ հայտնվեց Կալյեխոնը, սակայն գերմանացին փրկեց իր թիմին:
Մնացած ժամանակահատվածում թիմերը փոխանակվեցին վտանգավոր գրոհներով: 88-րդ րոպեին Վիդալը զգուշացվեց դեղին քարտով: 1 րոպե անց նա ևս մեկ անգամ խախտեց կանոններն ու զգուշացվելով երկրորդ անգամ՝ հեռացվեց խաղադաշտից:
Խաղն ավարտվեց 1-1 հաշվով, ինչը պատասխան խաղից առաջ որոշակի առավելություն է տալիս իսպանական գրանդին:
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին։