Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ի պաշտոնական անդամներ կդառնան մինչև այս տարվա վերջը: Այդ մասին գրում է Politico թերթը՝ վկայակոչելով Ֆինլանդիայում ԱՄՆ-ի դեսպան Դուգլաս Հիքիին:
«Հիքին, որը երդում է տվել ապրիլին, լավատեսություն է հայտնել այն կապակցությամբ, որ մինչև տարեվերջ ՆԱՏՕ-ում կլինի 32 անդամ»,-գրում է հրատարակությունը:
Ինչպես նշում է թերթը, ՆԱՏՕ-ի 30 անդամներից միայն երեքն են մնացել, որպեսզի վավերացնեն Ֆինլանդիայի և Շվեդիայի միացումը Հյուսիսատլանտյան դաշինքին:
Ըստ հրատարակության, սպասվում է, որ Սլովակիան կանաչ լույս կտա ՆԱՏՕ-ին երկրների անդամակցությանը:
Բացի այդ, Ֆինլանդիայում ԱՄՆ-ի դեսպանը հունգարացի իր պաշտոնակիցի հետ հանդիպումից հետո կարծիք է հայտնել, որ Հունգարիայում շուտով նույնպես կկայանա դրական քվեարկությունը: Հիքիի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ցանկանա միակ չհամաձայնողը լինել, ուստի արագ կորոշի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հետ կապված հարցը:
«Ես չեմ կարծում, թե նա ցանկանում Է մենակության մեջ շատ երկար մնալ»,-հրատարակությունը մեջբերում Է Հիքիի խոսքը: ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության համար կպահանջվի դաշինքի բոլոր 30 անդամների կողմից վավերացնել միանալու արձանագրությունը:
Հյուսիսային երկրների պլաններին որոշակի դիմադրություն Է ցուցաբերում միայն Թուրքիան:
Հունիսի 28-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստորագրված հուշագրում Թուրքիան, այդուհանդերձ, պաշտպանել Է հյուսիսային երկրների՝ ՆԱՏՕ-ի մեջ մտնելու հայտն այն բանից հետո, երբ դրանում հաստատվել Է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի խոստումն ահաբեկչության դեմ համատեղ պայքարի մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: