ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել հաշվապահական հաշվառման ձեռնարկի շնորհանդես, որին մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Պողոսյանը, «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Կատրին Շեֆերը:
Ձեռնարկի նպատակն է բարելավել հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվողականության որակը` նպաստելով կենտրոնական և տեղական իշխանությունների ավելի խելամիտ և ֆինանսական առումով արդյունավետ որոշումների կայացմանը՝ միաժամանակ բարձրացնելով թափանցիկությունը և հաշվետվողականության մակարդակը: Ձեռնարկը հիմված է Հայաստանի հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի (ՀՀՀՀՀՍ) վրա:
Համայնքապետարանների հաշվապահական հաշվառման ներկայիս ձեռնարկը մշակվել է Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների հիման վրա՝ ուղղորդելու համայնքապետարաններին անցում կատարելու ՀՀՀՀՀՍ-ի վրա հիմնված հաշվապահական հաշվառման վարման: Համակարգն ամբողջությամբ փորձարկվել է մեկ համայնքապետարանում և այնուհետև թարմացվել է՝ ներառելով ավելի խորացված գիտելիքներ հաշվապահական հաշվառման մեթոդաբանության և գործիքակազմի կիրառման վերաբերյալ համայնքապետարանների հաշվապահության ոլորտի աշխատակիցների համար:
Միջոցառումը կազմակերպվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ։