fbpx
Հասարակություն

«Նախկին իշխանությունները չեն պրծել, դուք էլ չեք պրծնի իմ ձեռից»․ Վարդգես Գասպարի

Քաղաքացու օրվա շրջանակներում Մաշտոցի պուրակում «Իրազեկ քաղաքացի» խորագրով հանրային քննարկում էր իրականացվում: Միջոցառմանը ներկա էին ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը և քաղհասարակության ներկայացուցիչներ:

Զարուհի Բաթոյանն ասաց, որ անցնող տարին իր համար եղել է ծանոթությունների, ուսումնասիրությունների տարի. «Որքան էլ տեղյակ ենք խնդիրներին, միևնույն է, կան խնդիրներ, դետալներ, որոնց կարելի է ծանոթանալ միայն ներսից: Ինձ համար ուսումնասիրությունների, ծանոթանալու փուլ էր: Եթե մենք նույնիսկ շատ արագ չենք կարող խնդիրները լուծել, նվազագույնը, որ կարող ենք անել, քաղաքացուց լսելն է. սա գոնե որևէ լուրջ ռեսուրս, դրամանական միջոց չի պահանջում»:

Անդրադառնալով քաղաքացիների և պաշտոնյաների միջև կապին` Հայկ Կոնջորյանն ասաց, որ դրա կարևոր օղակն ԱԺ պատգամավորներն են, որովհետև պատգամավորը քաղաքացիների ներկայացուցիչն է ԱԺ-ում:

«Նախկինում այդ անջրպետը կար, որովհետև պատգամավորն իր գործառույթը չէր իրականացնում կամ իրականացնում էր բացթողումներով: Այսօր մենք ունենք այլ իրավիճակ: Այսօր կարևորագույն տեղ ենք հատկացնում քաղաքացու հետ ամենօրյա շփումներին: Ինչ վերաբերում է Կառավարություն անսխալ լինելուն կամ Կառավարություն-ԱԺ հարաբերություններին, ապա մենք մշտապես շեշտել ենք, որ եթե մենք ցանկանում ենք կայուն, զարգացած ինստիտուտներով պետություն ստեղծել, ապա պետք է ստեղծենք զսպումների ու հակակշիռների մեխանիզմ»,-ասաց Հայկ Կոնջորյանը:

Քննարկմանը ներկա էր նաև քաղհասարակության ներկայացուցիչ Վարդգես Գասպարին, որը բողոքեց, որ պաշտոնյաներին են թույլ տալիս խոսել, որոնք ասում են այն, ինչի մասին իրենք բազմիցս լսել են:

Որոշվեց ձայն տալ Գասպարիին, որն ասաց. «Նախկին իշխանությունները չեն պրծել, դուք էլ չեք պրծնի իմ ձեռից: Պարո՛ն Կոնջորյան, ձեր՝ իշխող քաղաքականության ուժի կարծիքը քաղաքացու հետ կապի մասին իրականությանը չեն համապատասխանում: Ես ԱԺ տարբեր հանձնաժողովների հարցեր եմ ուղղել, ինձ չեն էլ պատասխանել: Չեն էլ ասում՝ ստացել են նամակս, չեն ստացել: Ասում եմ՝ մարդ են, կարող է՝ նոր են եկել, հնարավոր է՝ սովոր չեն, որ իրենց էլեկտրոնային հասցեն պետք է ստուգեն, մի հատ էլ «Ֆեյսբուքով» եմ գրում, բայց իմ հարցերին չեն պատասխանում: Պետաիրավական հանձնաժողովին, տնտեսական հանձնաժողովին հարցեր եմ գրել, չեն էլ պատասխանել»,-ասաց Գասպարին:

Հայկ Կոնջորյանն ասաց, որ կպայմանավորվեն իրար հետ, նրան կհրավիրի Ազգային ժողով և կհանդիպի այդ հանձնաժողովների ներկայացուցիչների հետ և բոլոր հարցերը կփոխանցի նրանց:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ