Ընտրությունների կազմակերպումով իշխանությունը որևէ մեկին լավություն չի անում։ Ներքաղաքական ճգնաժամի թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է և իշխանությունը պետք է քայլեր ճգնաժամը լուծելու անի։ Այդ մենք ենք առաջարկել, որ լինեն ընտրություններ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այն պայմանավորվածությանը, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն առաջարկելու վարչապետի թեկնածու։
«Անընդհատ շահարկել այն հարցը, որ եթե ընդդիմությունը առաջադրի վարչապետի թեկնածու, իրենք վարչապետ կընտրեն Նիկոլ Փաշինյանին, անլուրջ է։ Կարող են ընտրել, դա չի լուծի ճգնաժամը։ Այս ընթացքում մենք կարող էինք առաջադրել, բայց չենք արել, քանի որ այլ բան էինք պայմանավորվել ժողովրդի հետ։ Մենք ժողովրդին ենք խոսք տվել, որ այս Խորհրդարանը պետք է արձակենք, ոչ թե Փաշինյանին»։
Հարցին, որ Նիկոլ Փաշինյանի կողմից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելը հակասահմանադրական է, և արդյոք այդպիսով իրենք ևս մասնակցություն չեն ունենում այդ հակասահմանադրական գործողություններին, Մարուքյանը պատասխանեց․
«Մեր Սահմանադրությունը այնպես, ինչպես գրված է, Խորհրդարանը արձակելու այլ հնարավորություն չի տալիս։ Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ։ Եթե այդպես է, 2018 թ-ին ինչու էր Խորհրդարանը լուծարելը սահմանադրական, ինչու հիմա սահմանադրական չէ։
Մարուքյանը, անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի« կարգախոսին և ընտրական ցուցակներին, նշեց, որ դեռևս հստակեցված չէ, թե ինչ կարգախոսով են մասնակցելու, իսկ ցուցակները դեռևս կազմված չեն։
«Այս իշխանությունը հեղափոխությունից հետո չի փոխել հիվանդ քաղաքական համակարգը։ Իրենք կարգախոս են ընտրել հետևյալը՝ «Ապագա կա»։ Հայաստանում երբեք այդ հարցը չի առաջացել՝ ապագա կա, թե ոչ։ Հիմա իրենք պետք է իրենց հարց տան, այս 3 տարվա մեջ իրենք ինչպես են աշխատել, որ ապագան դարձել է հարցական։ Բայց դրական բաներ այս 3 տարիների ընթացքում ևս եղել են, օրինակ կենցաղային մակարդակում կոռուպցիան նվազել է»։
Խոսելով հասարակության տրամադրությունների մասին, Մարուքյանը նշեց, որ նախկին իշխանությունները վերջին շրջանում իրենց գործողություներով և ընտրություններին իրենց մասնացությամբ ուժեղացնում են Նիկոլ Փաշինյանին։
«Եթե նրանք մի կողմ քաշվեն, այս իշխանությունները կպարտվեն ընտրություններում, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը ունի 15 % ընտրող, մնացած ընտրողները նրանք են, ովքեր չեն ցանկանում, որ նախկինները գան։ Այս հատվածը ընտրելու է Նիկոլ Փաշինյանին, որ նախկինները չգան։ Նրանք ամեն ինչ անում են, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվի»,- ասաց Մարուքյանը և շեշտեց՝ եթե նախկինները չմասնակցեն այս ընտրություններին, իրենք կհաղթեն այս ընտրություններում։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)