ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունվարի 10-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման հետ կապված որոշ մտահոգությունների: Լրագրողները նշեցին` Վրաստանում անհամեմատ էժան ՀԴՄ-ներ կան, ինչին Անանյանը արձագանքեց.
«Դուք վստա՞հ եք, որ Վրաստանում անհամեմատ էժան ՀԴՄ-ն նույն ֆունկցիան ունի, ինչ մերը: Սոցկայքերում գրում են, որ, օրինակ, այդ նույն ՀԴՄ-ն Արաբական Միացյալ Էմիրություններում արժե 60-70 դոլար, ինչո՞ւ մենք պետք է այդքան վճարենք: Ես ուզում եմ` ազնիվ լինենք ու համադրությունն անենք համադրելի բաների միջև. «նոր սերնդի ՀԴՄ» տերմինը, որ կենցաղային մակարդակով գործածում ենք, դա չէ, մենք կիրառում ենք մի մեքենա, որի նկատմամբ կառավարության որոշմամբ սահմանել ենք տեխնիկական պահանջներ»:
Անանյանը տեղեկացրեց` ցանկացած մեքենա, որ այդ տեխնիկական պահանջները բավարարում է, կարող է բերվել, միանալ համակարգին և գործել, այսինքն` այստեղ ազատականացվել է, չկա պահանջ, որ պետք է ձեռք բերեք կոնկրետ ՊՈԱԿ-ի ներմուծած մեքենան: ՊԵԿ նախագահի խոսքով` ներմուծված ՀԴՄ-ի ինքնարժեքը 158 000 դրամ է, վաճառքի գինը ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է 160 000 դրամ, իսկ օրենսդրությամբ տրված է հնարավորություն` մինչև 2 տարի տարաժամկետ վճարման գրաֆիկով վճարել այդ ՀԴՄ-ների արժեքը:
ՊԵԿ նախագահը նաև ներկայացրեց ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջները.
- ՀԴՄ-ի ֆունկցիա, օրենսդրությամբ սահմանված տեղեկատվությունը պարունակող կտրոնների տրամադրման ֆունկցիա,
- Էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու գործառույթ,
- Էլեկտրոնային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հնարավորություն,
- POS տերմինալի հնարավորություն,
- Իդենտիֆիկացիոն քարտերը կարդալու հնարավորություն:
Անանյանը վստահեցրեց` բոլոր այն մեքենաները, որ այս պահանջները կբավարարեն, կարող են բերվել, հարկային մարմնում հաշվառվել, գրանցվել և օգտագործվել: Նա նաև տեղեկացրեց, որ 10 ընկերության հետ կնքել են տեղեկատվություն չհրապարակելու համաձայնագրեր:
Տեղեկացնում է shantnews.am-ը։