fbpx
Իրավական

Փորձ է արվել Հայաստան ներմուծել չհայտարարագրված շարժիչային յուղ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը, մշտապես իրականացնելով պայքար Ագարակ պետական սահմանի անցման կետով Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծվող ապրանքներ հայտնաբերելու ուղղությամբ, բացահայտել է հերթական իրավախախտումը։

Օրերս Իրանից Հայաստան ժամանած իրանական բեռնատարի նկատմամբ իրականացված մաքսային հսկողության շրջանակում մաքսային զննման է ենթարկվել, Հայաստանի Հանրապետություն ներմուծված և Հարավային մաքսատուն-վարչությունում որպես նավթային բիտում հայտարարագրված ապրանքը։

Զննման արդյունքում կասկածներ են առաջացել, որ ներմուծված ապրանքը չի հանդիսանում նավթային բիտում։ Նշանակված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Իրանից Հայաստան տեղափոխված ավելի քան 25 տոննա քաշով ապրանքն իրենից ներկայացնում է շարժիչային յուղ։

Դեպքի կապակցությամբ Հարավային մաքսատուն-վարչությունում հարուցվել է վարչական վարույթ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հատկանիշներով։

Վարույթի շրջանակում պարզվել է, որ նշված իրավախախտման հետևանքով տեղի է ունեցել ավելի քան 20 միլիոն դրամի չափով մաքսային վճարների պակաս վճարում։

Հաշվի առնելով, որ ի հայտ են եկել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ