Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Թեհրանի վրա ճնշումը ուժեղցնելու կոչ է արել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հայտարարությունը նա արել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարության ֆոնին։ Ավելի վաղ վերջինս հայտարարել է, որ Թեհրանը միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունների կրճատման երրորդ փուլի շրջանակում կհրաժարվի կատարել գործարքի դրույթները:
«Այսօր առավոտյան ինձ տեղեկացրին ևս մեկ խախտման մասին, Իրանի կողմից ավելի շատ անտեսման, միջուկային զենք ձեռք բերելու վերջինիս ձգտման մասին: Եվ դա համադրվում է միջազգային նավավարության և տարածաշրջանի երկրների դեմ Իրանի ագրեսիվ գործողությունների, ինչպես նաև Իսրայել պետության վրա հարձակում իրագործելու նրա անդադար ջանքերի հետ: Այժմ Իրանի հետ բանակցելու ժամանակը չէ: Այժմ Իրանի վրա ճնշումն ուժգնացնելու ժամանակն է»,-ասել է Նեթանյահուն Լոնդոն մեկնելուց առաջ:
Նա նաև հայտնել է, որ այդ հարցը Լոնդոնում կքննարկի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերի հետ: