Փրկարար ծառայությունը համալրվել է նոր սերնդի ամենագնացներով և հրշեջ-փրկարարական մեքենաներով: Ծառայության կարիքների համար ձեռք բերված 8 հրշեջ-փրկարարական և կենցաղային կանչերի սպասարկման համար նախատեսված 10 տրանսպորտային միջոցներն արդեն տրամադրվել են տարածքային ստորաբաժանումներին: ՆԳՆ-ի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը նշում է, որ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան մեքենաները հնարավորություն կտան առավել արագ և օպերատիվ արձագանքել ահազանգերին: 2025 թվականին ձեռք բերված այդ մեքենաների համար պետական բյուջեից հատկացվել է 640 միլիոն դրամ:
Այս նոր տեխնիկաները բազմաֆունկցիոնալ են, հագեցած են հրշեջ-սյունակով հիդրանտին միանալու հնարավորությամբ, ինչը թույլ է տալիս արդյունավետ սպասարկել կենցաղային կանչերը և իրականացնել մեծածավալ հրդեհաշիջման աշխատանքներ: Մեքենաներն ունեն 3500 լիտր ջրի և 1500 լիտր փրփրահեղուկի տարողություն, իսկ արագ արձագանքման մեքենաները՝ 250 լիտր ջրի և 25 լիտր փրփրահեղուկի: Այս տեխնիկական սպառազինությունը հնարավորություն կտա բարելավել մատուցվող ծառայությունների որակն ու օպերատիվությունը։

