Նյու Յորքի նահանգի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել նահանգում պոլիոմիելիտի բռնկման առիթով, որտեղ հաստատվել է հիվանդության մեկ դեպք, դեռեւս ապրիլին վերցված հոսող ջրերի տասնյակ փորձանմուշները վիրուսի դրական արդյունք են ցույց տվել, տեղեկացրել է Daily Mail-ը։
Այս մասին ուրբաթ հայտարարել է նահանգապետ Քեթի Հոչուլի աշխատակազմը։ Նահանգապետի աշխատակազմը տեղեկացրել է, որ այս քայլը թույլ կտա «նահանգի գործակալություններին ձեռնարկել համապատասխան միջոցներ տեղական իշխանություններին և մասնավոր անձանց օգնություն ցուցաբերելու համար՝ արտակարգ դրությանը պատրաստվելու, արձագանքելու և դրանից հետո վերականգնվելու համար»։
Վիրուսով հիվանդանալու դեպքն առաջին անգամ հայտնաբերվել է Ռոքլենդ օկրուգում՝ Նյու Յորքի Բրոնքս շրջանից ոչ հեռու։ Հոսող ջրերի վերահսկման համակարգը նույնպես վիրուս է հայտնաբերել հենց քաղաքում և մերձակա Օրանջ և Սալիվան օկրուգներում։ Ուրբաթ օրը պաշտոնական անձինք հայտարարել են, որ Նասաու օկրուգը, որը նույնպես գտնվում է Նյու Յորքից ոչ հեռու, իր հոսող ջրերում վիրուս է հայտնաբերել։
Օգոստոսին ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները տեղեկացրել էին, որ հետագա քննության ընթացքում Նյու Յորքում հայտնաբերվել է վիրուսի առնվազն 21 դրական նմուշ։ Նմուշներից մեկը ստացվել է ապրիլին, ինչը նշանակում է, որ կործանարար վիրուսը մինչև հայտնաբերվելը կարող էր շրջանառել մի քանի ամիս։
Անցած ամիս Ռոքլենդ օկրուգի մի պաշտոնյա նախազգուշացրել էր, որ չնայած ներկա պահին հայտնաբերվել է հիվանդության միայն մեկ դեպք, Նյու Յորքի վարակված բնակիչների իրական թիվը կարող է հասնել հազարների։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ պոլիոմիելիտով վարակման 1 900 դեպքից միայն մեկը չպատվաստված մարդկանց մոտ կարող է հանգեցնել կաթվածահարման։ Պաշտոնյաները հավաստիացնում են, որ պատվաստվածներն անհանգստանալու առիթ չունեն այս բռնկման հետ կապված։
Ամերիկացիների ավելի քան 90 տոկոսը պատվաստվում է երկու տարեկանում, և շատերը պետք է պատվաստված լինեն պետական դպրոց հաճախելու համար։ Պոլիոմիելիտի դեմ պատվաստումներ չկան. պատվաստումը մանուկ հասակում պաշտպանություն է ապահովում ամբողջ կյանքի համար։