Հուլիսի 23-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը հաղորդել է, որ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) աջակցությամբ և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի «Հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակում տեղի է ունեցել ժամանակակից սարքավորումներով հագեցած վերականգնման նոր լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է մասնակիցներին այդչափ կարևոր և աննախադեպ ձեռքբերման համար։
«Կարծում եմ՝ հարուստ ժառանգություն, հնագիտական շերտեր ու արժեքներ ունենալը, բացի հպարտություն լինելուց, մեծ պատասխանատվություն է: 21-րդ դարում միայն հռչակագրի մակարդակում է մնում արժեքների հանդեպ վերաբերմունքի, արժեքների հանդեպ հարգանքի մասին խոսելը՝ առանց 21-րդ դարի գործիքակազմին, բարձր տեխնոլոգիաներին, սարքավորումներին տիրապետելու: Ոչ միայն այս ծրագրի, այլ առհասարակ Հայաստանի և Ճապոնիայի գիտական, մշակութային, կրթական համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է, և շատ հուզիչ է, երբ այս նվիրատվության յուրաքանչյուր արկղի վրա կազմակերպության կամ դեսպանատան անվան փոխարեն գրված է «Ճապոնիայի ժողովրդի կողմից»:
Մենք իսկապես այս ամենն ընկալում ենք որպես հնագույն քաղաքակրթություն և հնագույն մշակույթ ունեցող ժողովրդի կողմից մեծ նվեր հայ ժողովրդին: Միայն հնագույն պատմություն ունեցող ժողովուրդը կարող է այսպես գնահատել մեկ այլ հնագույն ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը»,- նշել է նախարարի տեղակալը և խորին երախտագիտություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանին, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) գրասենյակին՝ ծրագիրը Հայաստանում իրականացնելու համար: Արա Խզմալյանը կարևորել է նաև հետագա համագործակցության շրջանակում վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացումը։
«Այս սարքավորումներին լիարժեք տիրապետելը նշանակում է մշտապես կատարելագործել հմտություններն ու գիտելիքները. դա մեծ հնարավորություն է գիտական և մասնագիտական կայացման համար։ Եվ այս սարքավորումները կծառայեն իրենց նպատակին, եթե մասնագետները լիովին տիրապետեն սարքավորումների թելադրած իմացություններին և հմտություններին»,- հավելել է Ա. Խզմալյանը՝ արդյունավետ մասնագիտական գործունեություն մաղթելով «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» հնագիտական գտածոների վերականգնման լաբորատորիայի մասնագետներին։ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին էլ նշել է, որ Ճապոնիան ու Հայաստանն ունեն ժամանակով փորձված բարեկամական հարաբերություններ, հայ-ճապոնական պատմական և միջմշակութային հարուստ կապեր, որոնց ամրապնդմանն է ծառայելու նաև վերազինված կենտրոնը։ Ճապոնիայի դեսպանն ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ հույս հայտնելով շարունակել արդեն իսկ սկիզբ առած փոխգործակցությունը՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության և սերունդների։ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի կազմակերպիչներին պատմամշակութային ժառանգության բնագավառում այդ կարևոր ներդրման համար:
«Սարքավորումներով հագեցած այս լաբորատորիան հնարավորություն կտա առավել արդյունավետ և ճշգրիտ կազմակերպել գտածոների վերականգնման և հետազոտման գործընթացը: Անչափ կարևոր է ոլորտի այլ կազմակերպությունների, մասնագետների հետ համագործակցության անհրաժեշտությունը, քանի որ այսպիսի լաբորատորիան պետք է ծառայի բոլորին՝ հօգուտ Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանման»,- ասել է Խաչիկ Հարությունյանը և ընդգծել, որ այս ծրագրի իրականացմամբ ստեղծված նյութատեխնիկական նմանօրինակ հագեցվածությամբ և բովանդակային ուղղվածությամբ լաբորատորիան, անկասկած, նպաստելու է հանրապետությունում մշակութային արժեքների վերականգնմանը, գիտականորեն համակողմանի հիմնավորված նախագծերի մշակմանն ու պատմամշակութային ժառանգության ոլորտում ներգրավված մասնագետների որակավորման բարձրացմանը:
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ներկայացուցիչ Էջիրի Յուկիհիկոն էլ հավելել է, որ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» կողմից ներկայացված հայտը ճապոնական կողմը գնահատել է հիմնավորված և առաջնահերթ, քանի որ այն, բացի նրանից, որ համապատասխանում էր ճապոնական կողմի առաջադրած տեխնիկական և բովանդակային չափանիշներին, ծառայելու է հասարակության լայն շերտերին, քանի որ վերականգնված իրերը հետագայում տեղ են գտնում Հայաստանի տարբեր թանգարաններում, և հանրությունը դրանցով է ճանաչում նաև սեփական մշակույթը:
«Տեսանք հսկայական քանակությամբ մշակութային ժառանգություն, որը մեզ է հասել դարերի խորքից: Ակնհայտ էր, եթե «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը» չվերականգնի և չպահպանի դրանք, այդ ժառանգությունը կարող է անվերադարձ կորչել, հետևաբար այդ ժառանգության վերականգնումն ու պահպանումը ապագա սերնդի նկատմամբ մեր սերնդի պարտականությունն է, և մենք պատիվ ունենք նպաստելու այդպիսի առաքելության իրականացմանը»,- եզրափակել է Էջիրի Յուկիհիկոն:
Նշենք, որ ծրագրի շրջանակում լաբորատորիան վերազինվել է վերջին սերդնի գերժամանակակից սարքավորումներով, որոնք եզակի են Հայաստանի Հանրապետությունում հնագիտական գտածոների վերականգնման ոլորտում։