fbpx
Աշխարհ

Նոր օրինագիծ Վրաստանում․ կծառայեն բոլոր հոգևորականները` բացի ուղղափառներից

Վրաստանի խորհրդարանում գրանցվել է «Ռազմական պարտականությունների ու ռազմական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագիծը: Օրինագիծը բուռն քննարկումների առիթ է դարձել․ որոշ հասարակական և քաղաքական գործիչներ պնդում են, որ այն խտրականության էլեմենտներ է պարունակում։ Օրինագիծը ենթադրում է պարտադիր զինծառայություն բոլոր հոգևորականների համար, բացի ուղղափառ եկեղեցու սպասավորներից:

Օրինագծի հեղինակը Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին է: Նրա խոսքով վերջին շրջանում ստեղծվում են կրոնական կազմակերպություններ, որոնց նպատակն է երիտասարդներին` որպես եկեղեցու ծառայողների, ազատել պարտադիր զինծառայությունից:

Նման կազմակերպություն ստեղծել էր «Գիրչի» ընդդիմադիր կուսակցությունը: Այն կոչվում է «աստվածաշնչյան ազատություն»։ Երիտասարդները, անդամակցելով հոգևոր կազմակերպությանը, հնարավորություն են ստանում խուսափելու բանակում ծառայությունից: Աստվածաշնչյան ազատությունն ունի 6 908 հետևորդ: Սեսիաշվիլիի խոսքով` օրենքի այս կետից օգտվում է նաև «Եհովայի վկա» կրոնակազն կազմակերպության 165 հետևորդ և ուղղափառ եկեղեցու 50 ներկայացուցիչ:

Ինչ վերաբերում է Գիրչիի հիմնադիր Զուրաբ Ջափարիձեի արձագանքին, վերջինս կարծում է, որ այս օրինագծի ետևում կանգնած է Վրաստանի պատրիարքարանը: Մարտի 19-ին պատրիարքարանի տարածած հայտարարության համաձայն` կեղծ կրոնական իրավաբանական անձինք չպետք է օգտագործեն պարտադիր զինծառայությունից ազատվելն իրենց շահերի համար: Պատրիարքարանի կարծիքով պետությունը պետք է ապահովի ոչ ռազմական ծառայությունը՝ որպես այլընտրանք:

Սեսիաշվիլիի օրինագիծն անընդունելի է դարձել ոչ միայն «Գիրչի» կուսակցության, այլ նաև հասարակական սեկտորի կողմից: 16 հասարակական կազմակերպություն համապատասխան հայտարարություն են տարածել:

Նշենք՝ որոշ երկրներում, որտեղ զինծառայությունը պարտադիր է (օրինակ Դանիայի թագավորությունը, Ֆինլանդիան, Էստոնիան, Լիտվան) կրոնական դրդապատճառներով զինծառայությունից հրաժարված անձինք պարտավոր են այլընտրանքային ծառայություն անցնել:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ