2020 թվականին հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին կարևոր փոփոխություններ են սպասվում: Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, եթե բավարարում են ՀՀ հարկային օրենսգրքով շրջանառության հարկ վճարող համարվելու համար սահմանված բոլոր պայմաններին, այդ համակարգում գործելու համար պետք է օրենսգրքով սահմանված ժամկետներում հարկային մարմին ներկայացնեն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 27.06.2017թ. N191-Ն հրամանով հաստատված ձևով։ Հանրային սննդի ոլորտում նրանց գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվելու է 6% դրույքաչափով` օրենսգրքով սահմանված կարգով կատարելով նաև համապատասխան նվազեցումները: Գործունեության այլ տեսակներից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվելու է ըստ եկամտի տեսակների օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով սահմանված համապատասխան դրույքաչափերով։
Եթե կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը չեն բավարարում ՀՀ հարկային օրենսգրքով շրջանառության հարկ վճարող համարվելու համար սահմանված պայմաններին, սակայն նախընտրում են գործել շրջանառության հարկի համակարգում, պարտավոր են օրենսգրքով սահմանված ժամկետներում հարկային մարմին ներկայացնել հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն՝ ՀՀ ՊԵԿ նախագահի 30.09.2019թ. N626-Ն հրամանով հաստատված ձևով։ Հայտարարության մեջ պետք է նշեն՝ շրջանառության հարկ վճարող համարվելու համար սահմանված որ պայմանին կամ պայմաններին չեն բավարարում։
Այս խմբի հարկ վճարողների դեպքում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվելու է 6% դրույքաչափով և օրենսգրքով սահմանված կարգով կատարվելու են նաև համապատասխան նվազեցումները։ Իսկ գործունեության այլ տեսակներից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվելու է 20% դրույքաչափով։
Պետք է ուշադիր լինեն հանրային սննդի ոլորտում գործող և շրջանառության հարկ վճարող համարվելու պայմաններին բավարարող այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք հարկային տարվա ընթացքում որևէ պահից չեն բավարարի շրջանառության հարկ վճարող համարվելու համար օրենսգրքով սահմանված որևէ պայմանի: Նրանք կարող են շարունակել մինչև տվյալ հարկային տարվա ավարտը համարվել շրջանառության հարկ վճարողներ, պարզապես պայմաններին չբավարարելու պահին հաջորդող 20 օրվա ընթացքում պետք է հարկային մարմին ներկայացնեն հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը: Պետք է նշել, թե հարկային տարվա ընթացքում որ պահից և որ պահանջին են դադարել բավարարել։
Նման դեպքերում հայտարարությունը ներկայացնելուց հետո կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կշարունակեն գործել շրջանառության հարկի հարկման հատուկ համակարգում, և այդ օրվանից հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը կշարունակի հաշվարկվել 6% դրույքաչափով, մինչդեռ գործունեության այլ տեսակներից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը կհաշվարկվի միայն 20% դրույքաչափով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։