Նախապատրաստական աշխատանքներ են տարվում առաջիկա շաբաթներին «նորմանդական քառյակի»՝ Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա և Ուկրաինա առաջնորդների հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, Բունդեսթագում 2020 թվականի դաշնային բյուջեի շուրջ քննարկումների ժամանակ հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք պատասխանատվություն ենք կրում Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում լարվածության վերացման համար: Վերջին շաբաթներին առաջին ոչ մեծ առաջընթացն է գրանցվել»,- հայտնել է Մերկելը՝ հավելելով, որ այն տեղի է ունենում այն պահից ի վեր, երբ Վլադիմիր Զելենսկին ընտրվել է Ուկրաինայի նախագահ:
Կանցլերը հույս է հայտնել Մինսկի պայմանավորվածությունների իրականացման հարցերում այս անգամ առաջընթաց արձանագրելու վերաբերյալ:
«Մի քանի շաբաթից կաշխատենք քառակողմ ձևաչափով գագաթնաժողովի վրա՝ զգալի առաջընթաց գրանցելու նպատակով»,- ընդգծել է Մերկելը: