ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 16-ին խորհրդարանում ներկայացրեց Կառավարության հեղինակած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Նախարարը նշեց, որ փոփոխությունների նպատակն է ունենալ ֆունկցիոնալ իմաստով կառավարության առավել օպտիմալ կառուցվածք, ինչը հնարավորություն կտա լավագույնս ապահովել կառավարության արդյունավետ գործունեությունը՝ իրականացնելով կառավարության ծրագիրը և դրանից բխող քաղաքականությունը:
«Կառավարությունը համոզված է, որ այս կառուցվածքով կկարողանա իրականացնել Սահմանադրությամբ իր վրա դրված պարտավորությունները և ԱԺ կողմից հաստատված ծրագիրը»,- ասաց Զեյնալյանը
Զեյնալյանը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է կրճատել փոխվարչապետների թիվը՝ հանելով առաջին փոխվարչապետի պաշտոնը, այսինքն՝ երեք փոխվարչապետի փոխարեն կլինեն երկուսը, Անվտանգության խորհրդի կազմավորման ու գործունեության մասին առաջարկվող փոփոխությունները կապված են բացառապես առաջին փոխվարչապետի պաշտոնը հանելու հետ, նաև առաջարկվում է կրճատել նախարարությունների թիվը՝ սահմանելով 12 նախարարություն: