Մենք պետք է համաձայնենք՝ մեր նպատակն է առանց պատերազմի վերականգնել մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Ինչպես հաղորդում է Apsny.ge-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Գախարիան:
Վերջինս նշել է՝ օկուպացված տարածքները մեր ներքին և արտաքին անվտանգության կարևորագույն հարցերից են:
«Դա միանշանակ փաստ է, և եթե թվում է, որ մենք ամեն օր գործում կամ աշխատում ենք այնպես, ասես մոռանում ենք այդ խնդրի մասին, ապա դա պետք է փոխել»,- ասել է նա:
Գախարիան ընդգծել է՝ բոլորը պետք է հասկանան, որ չեն կարող խոսել երկրի քաղաքացիական, քաղաքական և տնտեսական զարգացման մասին այնքան ժամանակ, քանի դեռ վերականգնված չէ երկրի տարածքային ամբողջականությունը: Նա միևնույն ժամանակ նշել է՝ իրենց նպատակը երկրի տարածքային ամբողջականությունն առանց պատերազմի վերականգնելն է, դրա համար պետք է օգտագործել մնացած հասանելի ռեսուրսները:
