Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի (World Health Assembly) շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը նշանակվել է Գլխավոր կոմիտեի անդամ։
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ 7-օրյա պաշտոնական այցով Ժնևում գտնվող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գլխավորում է Հայաստանի պատվիրակությունը։
Գլխավոր կոմիտեն կազմված է 25 անդամից։ Կոմիտեն, խորհրդակցելով Գլխավոր տնօրենի հետ, իրականացնում է հետևյալ գործառույթները.
որոշում է նստաշրջանի ընթացքում բոլոր լիագումար նիստերի, հիմնական հանձնաժողովների նիստերի և բոլոր հանձնաժողովների նիստերի ժամը և վայրը,
որոշում է նիստի ընթացքում յուրաքանչյուր լիագումար նիստի աշխատանքների հերթականությունը,
Առողջապահության ասամբլեային առաջարկում է օրակարգի հարցերը,
անհրաժեշտության դեպքում հանձնաժողովներին հատկացված օրակարգի հետագա հարցերը մի հանձնաժողովից փոխանցում է մյուսին,
զեկուցում է օրակարգում լրացումների մասին, համակարգում է հիմնական և բոլոր հանձնաժողովների աշխատանքը,սահմանում է նիստի հետաձգումը, այլ կերպ նպաստում է նիստի աշխատանքների կանոնավոր իրականացմանը։