Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի նիստում որոշվել է, որ խորհրդարանական ընտրություններին ընտրողները քվեաթերթիկի վրա ոչ մի նշում չեն կատարելու, այլ պարզապես ընտրելու են քվեաթերթիկն ու այն դնելու ծրարի մեջ:
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հիշեցրեց, որ ըստ էության Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ ԿԸՀ-ին առաջարկվում է փոփոխել խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկի ձևը: «Քանի որ ընտրություններն իրականացվելու են զուտ համամասնական ընտրակարգով, քվեաթերթիկը չի ունենալու հետևի հատված, չեն լինելու տարածքային թեկնածուներ, քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու: ԿԸՀ-ն ընդունում է այն որոշումը, որով փոխվում է քվեաթերթիկի նմուշը: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի վրա ոչ մի նշում այսուհետ չի կատարվելու»,- ասել է Սբատյանը:
Ընտրողն իր ընտրությունը կատարելու է հետևյալ կերպ՝ ընտրելու է քվեաթերթիկներից մեկը և այն դնելու է ծրարի մեջ:
ՀՀ ԿԸՀ 2016 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 139-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ԿԸՀ որոշման նախագիծը քվեարկությամբ ընդունվեց: