Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ դեռևս 2023թ. Երևանի ավագանին լրացումներ է կատարել՝ շինարարական հրապարակները պատշաճ կերպով ձևավորելու ավագանու որոշման մեջ: Համաձայն որոշման՝ կառուցապատողները պարտավոր են շինարարական օբյեկտները ծածկել փոշեկլանիչ ցանցերով, որը ոչ միայն կնվազեցնի Երևանի շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը, այլև կունենա անվտանգային նշանակություն:
Բացի այդ, համաձայն նշված որոշման, շինհրապարակներում պետք է տեղադրվեն օդի որակի մշտադիտարկման սարքեր, իսկ կառուցապատվող տարածքից բեռնատար մեքենաների ելքը դեպի փողոց մաքուր անվադողերով ապահովելու նպատակով պետք է կազմակերպվի դրանց լվացումը:
Երևանի քաղաքապետարանը հայտնում է նաև, որ անբարեխիղճ կառուցապատողների պատճառով դիտարկում է Երևանի ավագանու որոշմամբ տարեվերջին մի շարք փոփոխություններ իրականացնել. այն կառուցապատողները, որոնք խախտում են ավագանու սահմանած կանոնները՝ խստորեն պատժվելու են։

