2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանության և ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով, ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ օպերատիվ շտաբի գործունեությունը ղեկավարելու է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Օպերատիվ շտաբի անդամներն են ոստիկանության պետի տեղակալները, ոստիկանության շտաբի և գլխավոր վարչությունների պետերը, ԱՎՎ ու ՃՈ պետերը։ Օպերատիվ շտաբի գործունեության ուղղություններն են իրավական ապահովումը, ընտրացուցակների ճշգրտումը, տեղեկատվության հավաքումը, ամփոփումն ու հետաքննությունը, վերակարգերի ծառայության նկատմամբ հսկողությունը, նյութատեխնիկական և բժշկական ապահովումը, զանգվածային անկարգությունների հակազդումն ու արագ արձագանքումը։ Այս գործառույթները պատշաճ իրականացնելու համար օպերատիվ շտաբի կազմում ստեղծվել են աշխատանքային խմբեր։
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին Ոստիկանությունը կոչ է անում ակտիվորեն համագործակցել ոստիկանության հետ՝ ընտրությունների պատշաճ նախապատրաստման ու անցկացման համար։
Օպերատիվ շտաբի «թեժ գծերն» են 010 54 69 12, 010 54 69 14 հեռախոսահամարները։
