fbpx
Մշակույթ

Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանը ներկայացրել է Փարաջանովի տրիպտիխը

Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին (MoMA) մշտական պահպանության են հանձնվել Սերգեյ Փարաջանովի վերականգնված երեք՝ կարճամետրաժ ֆիլմերի («Հակոբ Հովնաթանյան» (Հայաստան, 1967), «Կիևյան որմնանկարներ» (Ուկրաինա, 1966) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (Վրաստան, 1986)) ժապավենային օրինակները՝ ապահովելով հավաքածուում փարաջանովյան արվեստի անփոխարինելի ներկայությունը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ այս առիթով, թանգարանը հունվարի 19-ին և 20-ին՝ The MoMA International Festival of Film Preservation «To Save and Project» ծրագրի շրջանակում, արվեստասեր հանրությանը ներկայացրել է Սերգեյ Փարաջանովի պոետիկ վավերագրության յուրօրինակ ամբողջությունը՝ տրիպտիխը:

«Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Համո Բեկնազարով նախագիծ» ընկերության համագործակցության շնորհիվ իրականացվել են Սերգեյ Փարաջանովի երեք կարճամետրաժների վերականգնման և ժապավենային տպագրության աշխատանքները։ Ֆիլմերի վերականգնումը իրականացվել է լոնդոնյան CPC ընկերության ֆինանսավորմամբ, իսկ ՀԲԸՄ Նյու Յորքի կենտրոնի կողմից ֆինանսավորվել է վերականգնված օրինակների ժապավենային (35մմ) տպագրությունը՝ 5 օրինակով։ Օրինակներից մեկը պահպանվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնում, մեկական օրինակներ տրվել են Վրաստանին և Ուկրաինային։ Եվ մեկական օրինակներ էլ մշտական պահպանության են հանձնվել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին և Փարիզի Պոմպիդու արվեստի կենտրոնին։

Փարաջանովի կարճամետրաժների ժապավենային տրիպտիխը՝ ուղիղ մեկ ամիս առաջ (դեկտեմբերի 15, 2021թ․), հանդիսավոր պայմաններում մշտական պահպանության է հանձնվել Փարիզի Պոմպիդու արվեստի կենտրոնին։ Ի դեպ, Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը» հայկական առաջին ֆիլմն է, որն իր կարևոր տեղը զբաղեցրեց համաշխարհային նշանակության երկու խոշոր արվեստի կենտրոններում՝ MoMA-ում և Պոմպիդուում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ