ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Պարետը նշել է, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ գործողություններում կարևոր է սահմանված կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, որտեղ զգալի դեր է վերապահված Տեսչական մարմիններին:
«Հակահամաճարակային միջոցառումների շրջանակում տեսչական մարմինների կողմից մինչ օրս իրականացվել է 54013 ստուգում: Սահմանված նորմերի խախտման դեպքերով նույն ժամանակահատվածում կայացվել է 4669 կազմակերպության գործունեության կասեցման որոշում:
Տեսչական ստուգումներն իրականացվում են շաբաթվա բոլոր օրերին: Կախված տնտեսավարողի գործունեությունից նաև գիշերային ժամերին: Բոլոր ստուգվողներին տրամադրվում են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման ցուցումներ։
Տարվող աշխատանքների շրջանակում նվազել են արձանագրվող խախտումները, հետևաբար՝ կասեցման որոշումները: Օրինակ, եթե հունիսի առաջին տասնօրյակում իրականացված 6842 ստուգումների արդյունքում արձանագրվել է 1339 խախտում (19.6%), ապա հուլիսի նույն ժամանակահատվածում իրականացված 7491 ստուգումների արդյունքում արձանագրվել է 377 խախտում (5%)»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/tigran.avinyan/photos/a.2084815798489496/2529549694016102/?type=3&theater